ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Սթիվ Վոզնյակը սիրահարված է Հայաստանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրաքանչյուր մարդ հպարտանում է նման կոչումներով, քանի որ դրանք ապացուցում են, որ արված աշխատանքը գնահատվել է եւ դեռ ավելին կարելի է անել»,-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման արժանանալուց հետո ասաց «Apple Computers» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:
«Մանկուց երազում էի դառնալ ինժեներ: Ինձ գերում էին տեխնիկական լուծումները: Ամեն ինչ մեր շուրջ տեխնիկայի օրինակներ են. սեղանը նույնպես տեխնիկական լուծում է, այդ թվում եւ այն ամենը, ինչով պատրաստել են այդ սեղանը: Սակայն ինձ գերում են համակարգիչները, քանի որ դրանք կարելի է ծրագրավորել ու ստիպել կատարել մի շարք գործողություններ»,- նշեց Վոզնյակը:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը այսօր` նոյեմբերի 11-ին Սթիվ Վոզնյակին հանձնեց Պատվավոր դոկտորի կոչումը, հրամանագիրը, հավաստագիրը ու համալսարանական հուշանվեր: «ՀՊՃՀ-ն շատ քիչ պատվավոր դոկտորներ ունի: Այդ մեծ մարդկանց շարքին այսօր միացավ նաեւ Սթիվ Վոզնյակը»,- ասաց Ավեստիսյանը:
Հանդիպման ընթացքում Սթիվ Վոզնյակը նաեւ հանդես եկավ կարճ ելույթով, որում կարեւորեց երիտասարդների ձգտումը փոխել աշխարհն ու այդ նպատակի մեջ լինել հետեւողական: «Ես զգում եմ` այդպիսի նպատակադրվածություն կա նաեւ այստեղ` Հայաստանում: Այս երկիրը արդեն իմ հոգում ու սրտում է. Ես սիրահարված եմ Հայաստանին, կարծում եմ, որ իմ կինը նույնպես»,- հավաստիացրեց Վոզնյակը: