1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսում հոկտեմբերի 25-ին նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կայքէջը,միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի 18 անդամներ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:
«Մենք շատ գոհ ենք այսօր միանալու Հայաստանին աջակցող այսքան կոնգրեսականների, Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներին եւ արտաքին քաղաքական հանրության Հայաստանի բարեկամներին` նշելու Հայաստանի վերածնությունը` որպես անկախ պետություն»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնը եւ Էդ Ջոյսը:
Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանին եւ Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆին: Կոնգրեսականները նշել են, որ կշարունակեն հայ-ամերիկյան կապերի խորացմանն ուղղված ջանքերը: