2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի
2 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիության շնորհման գործընթացը կարգավորվում է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ «Քաղաքացիության մասին» օրենքով։
«Հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացները, ինչպես գիտեք, սահմանադրական կարգավորումներից բացի, կարգավորվում են նաև «Քաղաքացիության մասին» օրենքով»,- նշել է Պողոսյանը։
Նա պարզաբանել է, որ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող անձինք դիմում են լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, որտեղ իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ։
«Համապատասխան ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա Հանրապետության նախագահին ներկայացվում է հրամանագրի նախագիծ՝ քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու վերաբերյալ»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող պաշտոնյան։