Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով
3 րոպեի ընթերցում

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից՝ ընդգծելով, որ կկառուցվի 27 մեծ ու փոքր կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, ավելի քան 100 արհեստական կառուցվածք:
«Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագծով 60կմ երկարությամբ կառուցվելիք ճանապարհը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով։ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցմամբ կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխանող, անվտանգային նորագույն համակարգերով զինված արդիական ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան շուկաները, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա ՀՀ տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը։
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կատարվում է հողերի օտարման, փոխհատուցման գործընթաց:
Մասնավորապես, Սիսիան-Քաջարան 60կմ կառուցվելիք ճանապարհահատվածում ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք, որից 484 հողատարածք (84%) գտնվում է ծրագրի հյուսիսային հատվածում, իսկ 92-ը (16%)` հարավային հատվածում։
Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով, նոր ճանապարհի ծածկը կլինի ասֆալտբետոնե։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի 27 մեծ ու փոքր կամուրջ, 9 թունել, 3 տրանսպորտային հանգույց, ավելի քան 100 արհեստական կառուցվածք»,– հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից՝ հիշեցնելով, որ ճանապարհը կառուցվելու է 3 լոտով՝ հյուսիսային (27.1կմ), Բարգուշատի թունելի (8.6կմ) և հարավային հատվածներ (24.2կմ)։
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։