Հայաստանում են «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի մասնակից պատվիրակությունների ղեկավարները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան են ժամանել «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները: Տասներեք պատվիրակությունների ղեկավարները քննարկում են մրցույթին առնչվող հարցեր:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցույթի հետ կապված բոլոր կազմակերպական հարցերը գտնվում են քննարկման փուլում, եւ շուտով մանրամասները հայտնի կդառնան:
Ինչպես նշեց «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի գլխավոր կազմակերպիչ գերմանական «EBU» կազմակերպության ղեկավար Սիեթս Բեքքերը, մրցույթի հայաստանյան կազմակերպիչները շատ մեծ աշխատանք են իրականացնում, եւ դա անպայմանորեն իր արդյունքը կտա. «Եվրատեսիլ»-ը կանցկացվի բարձր մակարդակով: Նրա խոսքով' բոլոր մասնակիցներն իրենց երկրներում ճանաչված են, սակայն մրցույթի արդյունքում նրանք համաեվրոպական ճանաչում ձեռք կբերեն: «Հայաստանը թույլ կտա երեխաներին ներկայացնել իրենց տաղանդը եւ ճանաչում ձեռք բերել»,- ասաց Ս. Բեքքերը:
«Մանկական Եվրատեսիլ»-ի տեխնիկական հարցերով կզբաղվի «HDR» ընկերությունը, որի տնօրեն Պեռ Սունդինի խոսքով' կազմակերպությունն ամեն ինչ կանի, որպեսզի որեւէ տեխնիկական խոտան չառաջանա: «Հայաստանյան պայմաններն ամբողջությամբ համապատասխանում են մրցույթի անցկացման համար անհրաժեշտ չափանիշներին»,- ասաց նա:
Մրցույթի անցկացմանը կաջակցի նաեւ «World vision- Armenia» ընկերությունը: Վերջինիս տնօրեն Գրահամ Սթրոնգի խոսքով' իրենց կազմակերպության եւ մրցույթի նպատակաները համընկնում են. երկուսն էլ փորձում են երեխաներին բարձունքների հասնելու հնարավորություն տալ: