ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռեւոնը եւ Ստեֆան Գատոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւս մեկ վկայություն են եւ նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը Լեւոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգեւը' Պատվո շքանշանը, որը նա ստացել էր դեռեւս 2009 թվականին' հայ- ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար: Իսկ Ժերոմ Ռեւոնին եւ Ստեֆան Գատոյին հանրապետության ղեկավարը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգեւատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ եւ հայ -ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Նախագահը շնորհավորել է պարգեւատրման կապակցությամբ եւ հանդիպման պատեհ առիթով մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել այն գործունեության համար, որը բարձր է գնահատվել Հայաստանում' ՀՀ պետական պարգեւների արժանանալու հիմք դառնալով: