Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, գոհունակություն է հայտնել երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ամենաբարձր մակարդակի վրա ձեւավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում եւ համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին' Վեհափառ Հայրապետն ընդգծել է հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում:

«Ձեր այցը Հայաստան մեր երկիր ուրախությամբ է համակել ինչպես մեր, այնպես եւ մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է եւ հաղորդ, որ իր կյանքի դժվարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասեր ու արդարասեր էությամբ մշտապես աջակից է եղել իրեն», - նշել է Նորին Սրբությունը' երախտագիտություն հայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Հայոց Հայրապետն օրհնությամբ եւ գնահատանքով ընդգծել է նաեւ Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ եւ հույսով կարողացել են իրենց հոգեւոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայում, եւ այսօր, որպես արժանավոր քաղաքացիներ, իրենց կարեւոր ծառայությունն են բերում Ֆրանսիայի առաջընթացին ու բարօրությանը:

«Մեր ժողովուրդն առանձնահատուկ երախտագիտության զգացում ունի հանդեպ Ֆրանսիան եւ իր ժողովուրդը նաեւ այն զորակցության համար, որ ցուցաբերվում է Ցեղասպանության ահավոր ոճրի ճանաչման եւ դատապարտման գործին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ մեր Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանությանը», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը' շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի նախագահի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

«Մեծ պատիվ է Հայաստանում գտնվել' վկայելու մեր երկու երկրների բարեկամությունը», - իր հերթին ասել է Ֆրանսիայի նախագահը' ուրախություն հայտնելով հանդիպման առիթով: Ընդգծելով Հայ եկեղեցու եւ նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում' Նիկոլա Սարկոզին իր հարգանքն է հայտնել Հայ եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին եւ հաջողություններ մաղթել կարեւոր այդ առաքելության իրագործմանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է բերել Ֆրանսիայի նախագահին եւ հայցել, որ Բարձրյալ Տերն Իր օրհնության ներքո խաղաղության եւ բարօրության մեջ պահի ու պահպանի երկու ժողովուրդներին եւ երկրներին:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել են Մայր Տաճար, եղել Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվել են Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի նվիրական սրբությունները:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին