Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը' մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորությամբ, այսօր մեկնեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզ' Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ համագործակցության շրջանակներում նոր ծրագրեր հաստատելու եւ հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ ներդրումների բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, համագործակցության հիմնական առանցքներն են առողջապահությունը, տուրիզմը եւ կրթությունը: Այցելության շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ բոլոր շահագրգիռ կողմերի եւ Գեղարքունիքի մարզում տուրիզմի եւ առողջապահական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզում ընդգրկել ձմեռային տուրիզմը խթանող ծրագրեր:

Քառօրյա այցի շրջանակներում մարզի պատվիրակությունը Ֆրանսիայում կմասնակցի մի շարք միջոցառումների: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Վիեն, Ռոման եւ Գրենոբլ քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Գեղարքունիքի մարզի պատվիրակության պատվին տեղի հայկական համայնքները կկազմակերպեն ցուցահանդեսներ' նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20- ամյակին: Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 30-ին' նոր պայմանավորվածություններով ու նոր ծրագրերով, որոնք միտված կլինեն Գեղարքունիքի մարզի հետագա զարգացմանը:

Հայերեն