Ըստ շախմատի մասնագետների` Սերգեյ Մովսիսյանը կուժեղացնի Հայաստանի թիմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի մուտքը Հայաստանի շախմատի ֆեդերացիա նկատելիորեն կուժեղացնի հայկական շախմատը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեցին Հայաստանում շախմատի մի շարք մասնագետներ: Այս պահին ՀՀ շախմատի ազգային հավաքականի հիմքը կազմում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը:
Վ.Հակոբյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մտադիր է որոշ ժամանակ անց հեռանալ ակտիվ շախմատից, բայց առայժմ շարունակելու է խաղալ: Նրա խոսքով` հիմնական հույսերը պետք է կապել Լ. Արոնյանի եւ Գ. Սարգսյանի հետ` որպես առավել երիտասարդների:
Ս.Մովսիսյանի նման բարձր վարկանիշ ունեցող շախմատիստը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի թիմի համար: Նաեւ այս հանգամանքի շնորհիվ` Հայաստանի թիմը մեծ հնարավորություններ ունի հաջորդ շախմատային օլիմպիադայում վերականգնել առաջատարի դիրքերը: Ս.Մովսիսյանը տեղեկացրել է, որ մտադիր է հենց այս ամսից հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: