Սպորտ

«Փյունիկի» աֆրիկացի լեգեոներները կմասնակցեն Սոչիի հավաքին

3 րոպեի ընթերցում

«Փյունիկի» աֆրիկացի լեգեոներները կմասնակցեն Սոչիի հավաքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆուտբոլի չեմպիոն, Երեւանի «Փյունիկի» 3 աֆրիկացի լեգեոներները կմասնակցեն Սոչիի հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր տեղեկացրին «Փյունիկում», սենեգալցի կիսապաշտպան Դամե Դիոպը, զամբիացի հարձակվող Սթենլի Մշիմբան եւ նիգերացի կիսապաշտպան Մայքլ Էգբեթան ընդգրկվել են հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 4-ը Սոչիում ակումբի առաջին արտագնա ուսումնամարզական հավաքում:

Հիշեցնենք, որ նշված աֆրիկացի ֆուտբոլիստները օրերս «Փյունիկի» երիտասարդական կազմում մասնակցել են Մոսկվայում ընթացող ԱՊՀ եւ բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների համագործակցության գավաթի ենթախմբային մրցաշարին: «Փյունիկի» պաշտպան Էմանուել Մբոլան Զամբիայի ֆուտբոլի հավաքականի կազմում դուրս Է եկել Աֆրիկյան ազգերի գավաթի մրցաշարի 1/4-րդ կիսաեզրափակիչ, որտեղ Զամբիայի ֆուտբոլիստները կհանդիպեն Նիգերիայի հավաքականի հետ:

Երեւանի «Բանանց» ֆուտբոլի ակումբը հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում` ըստ ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի:

Արգենտինական « Նյու օլդ բոյզ» թիմի ուրուգվայահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը կարող Է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»՝ ըստ վերջինիս պաշտոնական կայքի: «Լոկոմոտիվի» ներկայացուցիչներն արդեն բանակցում են արգենտինական ակումբի ղեկավարների հետ Խ. Բոգոսյանի տեղափոխման ժամկետի շուրջ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արման եւ Արտավազդ Քարամյանները կշարունակեն հանդես գալ Ռումինիայի «Տիմիշոարա» ֆուտբոլի ակումբի կազմում, եթե այս թիմը նվաճի Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Հակառակ դեպքում Քարամյան եղբայրները ստիպված կլինեն իրենց համար նոր ակումբ փնտրել:

Եկատերինբուրգի «Ուրալ» թիմը, որտեղ հանդես են գալիս Դենիս Թումասյանը եւ Արտակ Ալեքսանյանը, իր երկու ընկերական հանդիպումները Կիեւի «Օբոլոնի» եւ Ղազախստանի «Օրդուբասի» հետ ավարտել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Իսկ Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը եւ Արտակ Դաշյանը կմասնակցեն իրենց թիմի մոտակա ընկերական խաղերին Ռուսաստանի «Կռիլյա Սովետով»` Սամարա, ու «Կուբան»` Կրասնոդար, թիմերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում