Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կ.Պապուլիասի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր Աթենքի նախագահական ապարանքում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Հանդիպմանը ներկա է եղել հունական եկեղեցու պետ Հերոնիմոս Բ արքեպիսկոպոսը, հայ եւ հույն բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակությունը: Արամ Ա կաթողիկոսը շեշտել է Միջին Արեւելքում քրիստոնեական ներկայության կարեւորությունը համայն քրիստոնյա աշխարհի համար: Նա նկատել է, որ իսլամի հետ գոյակցությունը միջկրոնական համագործակցության առումով անհրաժեշտություն է: Վեհափառ հայրապետը խոսել է հայ եւ հույն եկեղեցիների դարավոր կապերի եւ պատմության ընթացքում արձանագրած բարեկամական հարաբերությունների մասին: Անդրադարձ է եղել նաեւ հունահայ համայնքին: Կաթողիկոսը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանի շքանշանով է պարգեւատրել Հունաստանի նախագահին: Արամ Ա կաթողիկոսը Հունաստանում է համայն Հունաստանի հոգեւոր պետ Հերոնիմոս Բ արքեպիսկոպոսի պաշտոնական հրավերով: Վեհափառ հայրապետը Աթենքի առաջնորդանիստ եկեղեցում կրոնական աղոթք է հղել առ աստված, ապա ուղղեւորվել նախագահական նստավայր: Կաթողիկոսը ներկա է գտնվել Լիբանանի դեսպանատանն իր պատվին տրված ճաշկերույթին: