ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները: Արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավուդօղլու կողմից ստորագրվել են Ցյուրիխում 2009թ-ի հոկտեմբերի 10-ին: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց դատարանի որոշումը, որը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանը, հրապարակելով որոշումը, արտահայտում է իր իրավական դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված երկու արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չեն կարող վերաբերվել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինի հետ արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին: Արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները` հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել ընդհանուր սահմանը, ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետեւաբար` դրանցում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ ՀՀ եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում` կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման եւ դադարեցման ընթացակարգերի պայմաններ, առավելապես շեշտադրումը կատարում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա, ուստի Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջեւ գրավոր ձեւով կնքված եւ միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա, որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ կետի եւ ՍԴ-ի մասին օրենքի 72-րդ հոդվածի համաձայն` կդառնա ինքնուրույն քննարկման առարկա: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությամբ նախատեսված ընդհանուր սահմանը բացելու կողմերի հանձնառության շրջանակներում ՀՀ ռազմավարությունը վերաբերելու է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական եւ կառուցակարգային խնդիրների լուծման պատրաստակամությանը: Միջազգային պայմանագրերը Հայաստանի համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության վեցերորդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում` նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության եւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները: ՍԴ-ն նաեւ գտնում է, որ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության դրույթները ՀՀ օրինաստեղծ եւ իրավակիրառական պրակտիկայում ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին: ՍԴ-ն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման եւ դրանց կատարումն ապահովող անհրաժեշտ օրենսդրական եւ կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, պետք է ներդաշնակ լինեն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին: Արձանագրությունները ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը: Դա նաեւ ենթադրում է, որ դրանցից մեկն առանց մյուսի իրավաբանական ուժ ստանալ եւ գործել չի կարող: Արձանագրությունները կազմված են հայերեն, թուրքերեն եւ անգլերեն` հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին, որը եւս ուսումնասիրվել է ՍԴ-ի կողմից:

Հայերեն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Թրամփի և Էրդողանի հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի իրավիճակը Հարավային Կովկասում

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին

Երիտասարդ դերասան Դավիթ Էլբակյանը Ֆրանսիայում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերով գերել է թատերասերներին

Իսրայելի և Լիբանանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները