Արարատի մարզից այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել շուրջ 11 հազար քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Արարատի մարզից այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել շուրջ 11 հազար մարդ: Ըստ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակի գնահատման ցուցանիշների` նրանց թվում գերակշռում են քաղաքաբնակները: Արարատի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Վարդանյանը «Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ Արտաշատ քաղաքից աշխատելու համար արտերկիր է մեկնել 3800, Վեդիից` 3000, Մասիսից` 2500, Արարատից` 2000 քաղաքացի: Գյուղական համայնքներում ամենաշատ ցուցանիշն արձանագրվել է Նոր Կյանքում` 550, Արարատ գյուղում` 290, Սուրենավանում` 275, եւ Սիսում, որը բնակեցված է փախստականներով` 250: Ըստ Ա. Վարդանյանի` հատկանշական է, որ կան համայնքներ, որտեղից արտերկիր չի մեկնել եւ ոչ մի քաղաքացի` Մխչյան, Ուրցալանջ, Նորաբաց: Արտագնա աշխատանքի են գնում հիմնականում 35-50 տարեկան տղամարդիկ, ովքեր մեկնում են մեծ մասամբ ՌԴ: Նշենք, որ մարզպետարանի նշված վարչությունը համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք բնութագրող ցուցանիշները թարմացնում է տարին մեկ անգամ, ինչի արդյունքում ձեւավորվում է «համայնքային անձնագրիե պատկերը:

Հայերեն