2 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Օձունում «Վարձատրվող հասարակական աշխատանքե ծրագրի շրջանակում կատարվել են ջրմուղ- կոյուղու ցանցի վերանորոգման օժանդակ աշխատանքներ, որոնց երեք ամսվա ընթացքում մասնակցել է 14 մարդ: Այս ծրագրում համայնքը կատարել է 541հազար դրամի ներդրում: Հինգ կիլոմետրանոց ջրմուղ-կոյուղու ցանցից վերանորոգվել են տարբեր հատվածներ, որոշ տեղերում փոխվել խողովակաշարը եւ մաքրվել կոյուղագծերը: Պետբյուջեից համայնքին հատկացված 7 մլն 208 հազար դրամից 4,8 մլն-ը կտրամադրվի անտառվերականգնմանը, իսկ 2,4 մլն դրամով կլուծվի համայնքում գործող երկու մանկապարտեզի երեխաների սննդի հարցը: Բնապահպանական ծրագրի շրջանակում այժմ կատարվում են տնկիների խնամքի աշխատանքներ: Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց գյուղապետ Մելիք Այվազյանը, պետբյուջեից հատկացվել է 60 մլն դրամ թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: ՀՀ վարչապետի` օգոստոսին մարզ կատարած այցից հետո լրացուցիչ եւս 40 մլն դրամ է հատկացվել դպրոցի շինարարական աշխատանքների համար: Համայնքում Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով կիրականացվեն մշակույթի տան տանիքի վերանորոգման եւ շենքի ներքին հարդարման աշխատանքներ եւս: Այս ծրագրում համայնքի ներդրումը կկազմի 5 մլն դրամ (ընդհանուր գումարի 10 տոկոսը): Ըստ գյուղապետի` մինչեւ տարեվերջ համայնքում կավարտվեն տարբեր ծրագրերով նախատեսված բոլոր աշխատանքները: