2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ մայրաքաղաքի 33-րդ թաղամասում 151 ընտանիքի արդեն տրվել է գույքի նկատմամբ սեփականության իրավունք: Այդ տարածքում ճշտվել են 4 բազմաբնակարան շենքերի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները: Նշենք, որ այս աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ վարչապետի կողմից ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով: Երեւանի տարբեր թաղամասերում տասնամյակներ շարունակ բնակվող եւ անշարժ գույքի սեփականության իրավունք չունեցող քաղաքացիների խնդիրները ՀՀ կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Այսօր հրավիրած ասուլիսում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանում ստեղծված աշխատանքային խմբերը ներկայումս չափագրման եւ հաշվառման աշխատանքներ են իրականացնում Մյասնիկյան պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածներում, Նորագյուղ թաղամասում, Հին Նորքում, Նորքի այգիներում, Շիրակի 45-ում, Վերին եւ Ներքին Չարբախներում: Այդ աշխատանքներից հետո կկազմվեն գույքային համապատասխան տեղեկանքներ եւ կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Արդեն իսկ վերոնշյալ թաղամասերում հաշվառվել եւ չափագրվել է 1 600 միավոր գույք: Մյասնիկյան պողոտայի բնակիչներից 40-ի վերաբերյալ կայացվել են քաղաքապետի որոշումները: Հաստատման է ներկայացված տարբեր թաղամասերից եւս 160 միավոր: «Քաղաքապետարանը կքննարկի բոլոր գործերը` ապահովելով բնակիչների գույքային իրավունքը: Սակայն թող տպավորություն չստեղծվի, թե բոլոր դեպքերում են սեփականության իրավունքի վերականգնման հիմքերը բավարար: Վերջին տարիներին կառուցված ինքնակամ շինությունները դուրս են վերոնշյալ ծրագրիցե,- ընդգծեց Կ. Արեյանը: