Բելգիայի արտգործնախարարությունում կայացած խմբավորված զինատեսակներին նվիրված Եվրոպական տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտգործնախարարության «Էգմոնտ փալասե մասնաշենքում հոկտեմբերի 30-ին կայացել է Եվրոպական տարածաշրջանային մեկօրյա խորհրդաժողով` նվիրված խմբավորված զինատեսակներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, խորհրդաժողովին մասնկացել են բոլոր եվրոպական երկրները, իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունն եւ Կանադան ներկայացված են եղել դիտորդի կարգավիճակով: Խորհրդաժողովում Հայաստանը ներկայացրել են Բելգիայում ՀՀ դեսպան Վ. Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը: Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը: Խորհրդաժողովի ժամանակ ներկայացված զեկույցներում ու ելույթներում հիմնականում խոսվել է շուտափույթ բանակցություններ սկսելու եւ խմբավորված զինատեսակների արտադրությունը, պահեստավորումը, երրորդ երկրներին փոխանցումն ու ռազմական գործողությունների ընթացքում օգտագործումը կանխարգելող իրավականորեն պարտադիր միջազգային կոնվենցիայի ընդունման անհրաժեշտության մասին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տուժածներին աջակցություն ցուցաբերելու խնդիրներին ու դրանց վերաբերյալ ապագա կոնվենցիայում իրավական դրույթների ընդգրկման հետ կապված մի շարք հարցեր: Քննարկումներին մասնակցել են նաեւ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ, ԿԽՄԿ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: