Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, իսկ կանանց հավաքականը` բրոնզե պարգեւները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը, 2,5 հաշվով հաղթելով Իսրայելի թիմին, վաստակեց 14 թիմային եւ 21,5 միավոր անհատական պարտիաներում եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Հայաստանի շախմատիստները զիջեցին միայն չեմպիոն դարձած Ռուսաստանի թիմին, որը վաստակեց 17 եւ 25 միավոր` առաջ անցնելով 3-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի թիմից, որն ունեցավ 13 միավոր թիմային եւ 20,5 միավոր անհատական պարտիաների հաշվարկում: Վերջին փուլում Լեւոն Արոնյանը հաղթեց Էմիլ Սուտովսկուն, Վլադիմիր Հակոբյանը՝ Ավրուխին, Գաբրիել Սարգսյանը ոչ- ոքի խաղաց Ռոյզի հետ, իսկ Կարեն Ասրյանը զիջեց Ռոդշթեյինին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը վերջին փուլում 2:2 հաշվով ոչ- ոքի խաղաց Վրաստանի թիմի հետ եւ նվաճեց բրոնզե պարգեւները, վաստակելով 13 միավոր թիմային եւ 21,5 միավոր անհատական պարտիաների հաշվարկում: Չեմպիոն դարձավ Ռուսաստանի կանանց հավաքականը՝15 թիմային եւ 25 անհատական պարտիաների հաշվարկում, 2-րդ տեղում Է Լեհաստանի հավաքականը՝ 13 թիմային եւ 23,5 միավոր անհատական պարտիաների հաշվարկում: Այս մրցամարտում Նելլի Աղինյանը հաղթեց Նինո Խուրցիձեին, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ- ոքի խաղացին Մայա Չիբուրդանիձեի եի Ջավախիշվիլիի հետ, իսկ Սիրանուշ Անդրեասյանը զիջեց Ձագնիձեին: