Վ.Օսկանյանի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության հարցի հրապարակայնության առումով անցնող տարին բացառիկ էր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հայոց ցեղասպանության հարցի հրապարակայնության առումով անցնող տարին բացառիկ էր եւ աննախադեպ: Նման գնահատական տվեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հրավիրված ասուլիսում` նշանակալի համարելով նոր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը, քննարկումների առավել ընդլայնումը, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հարցի գտնվելը: Տարվա ընթացքում üրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար պատիժ սահմանող օրինագիծը, նմանատիպ փաստաթուղթ շրջանառվում է Բելգիայում եւ Նիդեռլանդներում, Արգենտինայի Սենատը ճանաչեց Ցեղասպանությունը: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 19 պետություններ, ԱՄՆ-ի մոտ չորս տասնյակ նահանգներ: Վ.Օսկանյանի խոսքերով` 2007թ-ին եւս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համար առաջնայնություն կմնա:

Հայերեն