Գալիք տարվանից հաշմանդամների համար աչքի պրոթեզավորումը եւ ձայնաստեղծ ապարատների տրամադրումը կլինի անվճար
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Հաշմանդամների համար աչքի պրոթեզավորումը եւ ձայնաստեղծ ապարատների տրամադրումը գալիք տարվանից կլինի անվճար: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների եւ հաշմանդամների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, քանի որ դրանք բավականին թանկ են, առայժմ այդ վերականգնողական ծառայությունը կտրամադրվի տարեկան 100 հաշմանդամի: Այդ նպատակով 2007 թվականի պետբյուջեով նախատեսված է 35 մլն դրամ: ՀՀ պետբյուջեով 11,5 մլն դրամ է նախատեսված նաեւ տեսողությունից զուրկ հաշմանդամ երեխաների համար բռայլյան գրքեր, տետրեր տպագրելու եւ խոսող գրքեր ձայնագրելու համար, որոնք կհատկացվեն անվճար: Ջ. Բաղդասարյանի տեղեկացմամբ, հաջորդ տարի ներառական կրթության համակարգը կներդրվի եւս ութ դպրոցում. ներկայումս այն գործում է վեցում: Հանրապետությունում Տավուշն առաջին մարզն է, որ հաջորդ տարի ներառական կրթությամբ դպրոց կունենա: Ջ. Բաղդասարյանի խոսքով, այս տարվանից բարձրացել են հաշմանդամների կենսաթոշակները: Հաշմանդամ երեխաների կենսաթոշակն այսօր հիմնական կենսաթոշակի (4 250 դրամ) 140 տոկոսն է: «Մենք չենք կարծում, որ սա բավարար է: Դա ուղղակի մեր հատուկ վերաբերմունքն է հաշմանդամների նկատմամբե,- նշեց նա: Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների բանկում հաշվառված է մինչեւ 18 տարեկան 8 300 հաշմանդամ երեխա: Ինչ վերաբերում է հաշմանդամների համար քաղաքաշինական մատչելի պայմաններ ստեղծելուն, ապա Ջ. Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ խնդիր է դրված այսօր գործող սոցիալական ենթակառուցվածքները հնարավորինս մատչելի դարձնել հաշմանդամների համար, իսկ նոր կառուցվող շենքերն անպայման պետք է ապահովեն այդ պայմանները: Մինչեւ տարեվերջ կամ 2007 թ-ի տարեսկիզբ կհաստատվեն հաշմանդամների համար մատչելի պայմանների ապահովման համար անհրաժեշտ ազգային նորմատիվները: