Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ամանորի առթիվ
6 րոպեի ընթերցում
ԵՐեՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Գարեգին Բ-ն Ամանորի առթիվ խոսք է հղել բարեպաշտ ժողովրդին: Նրանում ասված է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց. Աղոթարար հոգով ամենքիդ հետ ենք տարեմուտի այս գիշեր եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր օրհնություն ենք բերում ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: Առանձնակի խորհուրդ ունի տարեմուտի գիշերը՝ ավարտ եւ սկիզբ, վախճան եւ ծնունդ: Հանգուցակետում այս խտանում է կյանքը, եւ ավելի զգալի դառնում նրա ընթացքը: Ավելի ամբողջական ենք տեսնում մեր ապրած տարին, անդրադառնում հաջողություններին, ափսոսում կորուստների ու բացթողումների առիթով եւ մեր եզրահանգումները ելակետ դարձնում նոր տարվա անելիքների համար: Ժամանակը մեր իրագործումներով է շոշափելի եւ իրական: Մենք ենք ժամանակը ժամանակ դարձնում, տարին՝ տարի ու դարը՝ դար: Խոսել ժամանակի մասին, նշանակում է խոսել այդ ժամանակում մարդու գործերի մասին: Հրաժեշտ ենք տալիս 2002 թվականին: Հրաժեշտ ենք տալիս լրագրող Տիգրան Նաղդալյանի ոճրագործ սպանության հետ կապված վերջին օրերի անհանգստությունն ու վրդովմունքը մեր հոգում, որ ստվերեցին տարեմուտի մեր ուրախությունը, սակայն ոչ մեր լավատեսությունը, քանզի տարին առկա բազմաթիվ դժվարություններով ու լուծման կարոտ կարեւոր խնդիրներով հանդերձ, այնուամենայնիվ, հայրենական կյանքում հատկանշված է խաղաղությամբ, ներքին կայունությամբ եւ բարեհույս ձեռքբերումներով: Գոհություն եւ փառք Աստծո, որ անցնող տարում միաբան պահեց ազգս հայոց, կամք ու արիություն պարգեւեց համատեղ ջանքերով դժվարությունները հաղթահարելու, անկախության մեր նվաճումները շարունակական դարձնելու եւ ի սփյուռս աշխարհի հայ կյանքը կենսունակ պահելու: Բոլորիս համար քաջալերական առիթներ եղան «Հայաստան-Սփյուռքե երկրորդ համաժողովի հրավիրումը, Արցախի «Հյուսիս-հարավե մայրուղու կառուցման նպատակով կազմակերպված հանգանակությունը եւ հայրենաշեն բազմաթիվ ծրագրեր, որ բարերար հայորդիները իրականացրել են Հայաստանում ու Արցախում՝ իբրեւ վկայություն առ Հայրենին իրենց սիրո ու նվիրումի: Անցնող 2002 թվականին ձեռքբերումներ ունենք նաեւ եկեղեցական մեր կյանքում: Վերաբացված եւ նորաօծ եկեղեցիներ, նոր ձեռնադրյալ հոգեւորականներ, ընդարձակվող քարոզչություն, Սուրբ Էջմիածնի հավատքի նորոգում եւ օրհնության բաշխում հայոց Սփյուռքում: Կարեւոր ձեռքբերում որպես հիշենք հայրենի Կառավարության որոշմամբ Գեւորգյան հոգեւոր Ճեմարանին բարձրագույն կրթական հաստատության կարգավիճակի շնորհումը եւ հանրակրթական դպրոցներում Հայ Եկեղեցու պատմության ուսուցումը, շնորհիվ որի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին առավել ճանաչելի դառնալով, առավել սիրելի պիտի լինի մեր զավակներին՝ նրանց հոգիները զորացնելով մեր հայրերի հավատքով: Քույր եկեղեցիների հոգեւոր առաջնորդների ու ներկայացուցիչների հետ մեր հանդիպումներով վերստին հաստատեցինք մեր եղբայրությունը, հավաստեցինք համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ հանուն աշխարհում հոգեւորի արժեւորման ու խաղաղության զորացման: Ամեն նոր տարվա գլխավոր մաղթանքն է խաղաղությունը: Այսօր, երբ մեր հայացքը ուղղված է 2003 թվականին, մեր հոգու առաջին ձգտումը, առաջին կարոեւորության մեր նպատակը, սիրելի հայորդիք, պիտի լինի համազգային մեր միասնականության առավել ամրապնդումը, մեր Հայրենիքի կայունության ու խաղաղության պահպանումը, որպեսզի Հայաստանը գիտությամբ, կրթությամբ ու մշակույթով հզոր, շեն ու բարգավաճ՝ միշտ լինի ապավենն ու հույսը համայն հայության: 2003 թվականը հանգուցային է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով: Արդար եւ օրինավոր ընտրությունները հիմնական պայման են ամուր պետականության: Աղոթքը դարձնենք մեզ ուղեկից եւ արդարը գործենք: Ապավինենք արդարությանը եւ մեր խղճի ձայնին ունկնդիր, պատասխանատվության ամենաբարձր զգացումով ու մեր ժողովրդին հատուկ խոհեմությամբ գործելով՝ ընտրությունները դարձնենք ձեռքբերում, զորացնենք մեր պետականությունը, որպեսզի կարող լինենք իրականացնել մեր իղձերն ու երազները, հասնել Արցախի օրինական պահանջի արդար վճռմանը եւ հաստատուն քայլերով ընթանալ դեպի զարթոնքով լեցուն նոր օրը Հայաստանի: Սիրելի բարեպաշտ հայորդիք ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս. Նախախնամության կամոք մեր ժողովրդի կյանքում նոր տարվա հետ հավատի, հույսի ու սիրո նորոգման երկնային մի նոր հրավեր է հնչում: Լրանում է Աստվածակառույց Սուրբ Էջմիածնի օծման 1700-ամյա տարեդարձը եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանե աղոթագրքի 1000-ամյան: Տարեմուտի խորհրդաշատ այս պահից եւեթ բացենք մեր հոգիները երկնաձայն այս հրավերի առջեւ եւ սիրով շաղախենք մեր կյանքը, սիրո արժեքով գնահատենք մեր նպատակները: Ուղիղ մեկ տարի առաջ ասացինք, որ ուխտավորի ճանապարհ ենք անցնում: Հարատեւ է ուխտավորի մեր ընթացքը: Մեր Ուխտի մարմնացումն է Հայոց պետականությունը՝ ամենայն հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով: Այսօր վերանկախացյալ ու նորոգվող Հայաստանի տեսիլքի միջից լսենք մեր պատմության ձայնը, մեր նախնյաց պատգամը, մեր հողի կանչը, մեր սրբերի ու նահատակների արյան պահանջը, որպեսզի միշտ ուխտյալ հոգով սիրենք Աստծուն, մեր Հայրենիքն ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: «Հինն անց, եւ արդ նոր եղեւ ամենայնե ճԲ Կորնթ. 5.17Ճ: Թող նոր տարին սկիզբ առնի ու շարունակվի նոր Օրհնությամբ, նոր հաջողություններով ու նոր ուրախություններով, եւ Շնորհը, Սերն ու Խաղաղությունն Աստծո լինեն մեզ հետ եւ բոլորի: Շնորհավոր Ամանոր: Բարի նոր տարիե: