Պաշտոնական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի նախագահը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջ այցը մեր երկիր եւ նշել, որ հայերն ու բելառուսները երկար տարիներ ապրել են նույն պետության մեջ, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո մաս են կազմել միեւնույն անվտանգության համակարգի` անդամակցելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն, ինչն առանձնակի նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ կան որոշ հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ կարող է լինել առաջին դեմքերի մակարդակով` հատկապես ներկա միջազգային ýինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսական հարաբերությունները դրական ազդակների կարիք ունեն, եւ երկու երկրներում մեծ ջանքեր են գործադրվում ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Ալեքսանդր Լուկաշենկոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ժամանել է բարեկամ երկիր: Նրա խոսքով, Բելառուսը եւ Հայաստանը շատ սերտ գործընկերներ են, եւ չունեն բանակցությունների համար փակ թեմաներ` սկսած ռազմաքաղաքական համագործակցությունից, վերջացրած տնտեսական, ýինանսական, առեւտրի խնդիրներով: Երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցների շրջանակում սերտ գործակցությանը: Նրանք երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաեւ բելառուսահայ համայնքին, որը, Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, լիովին ինտեգրված է երկրի կյանքում: Հայաստանի եւ Բելառուսի նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային հրատապ թեմաների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում