Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի Իսմական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ 

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ընդգծելով, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։ Նա կարևորել է «Դիջիթեք»-ի շրջանակում Հայաստան այցելելու և տեղում երկրի տեխնոլոգիական հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու առիթը։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման առաջնահերթություններն ու հեռանկարները՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ուղղություններով։

Կողմերն ընդգծել են նաև հայաստանյան և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, ինկուբատորների և աքսելերատորների միջև անմիջական կապերի հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել է Իրան-Հայաստան առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը։

Համագործակցության հնարավոր ուղղությունների շարքում դիտարկվել են նաև հաճախականությունների կառավարումը, տեխնիկական փորձի փոխանակումը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորումը, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնումն ու միջազգային թողունակության ավելացումը, փոստային և լոգիստիկ ծառայությունները, միջսահմանային փոստային փոխանակումների զարգացումը, Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորությունները և էլեկտրոնային առևտրի խթանումը։

Անդրադարձ է կատարվել նաև կենսատեխնոլոգիաների և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան֊Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։ Այն կարող է հարթակ դառնալ երկու երկրների մասնավոր հատվածի, գիտակրթական հաստատությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ծրագրերի բացահայտման, ինչպես նաև տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

Հանդիպման ավարտին, քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, կողմերը ստորագրել են երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։

Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան առաջիկայում երկու նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման համար։ 

Հայերեն

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Հայաստան–Մեծ Բրիտանիա համագործակցություն․ Ուիգմորը գործընկերության հուշագիր է ստորագրում Great Ormond Street Hospital-ի հետ

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ