Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին հայտնել է նոյեմբերի 19-ին Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ Շենժենում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների մասին՝ միաժամանակ վերահաստատելով իր հանձնառությունը Ճապոնիա-ԱՄՆ դաշինքին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Japan Times պարբերականը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից նոյեմբերի 20-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ Տակաիչին և Թրամփը 20 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել նպաստել ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացմանը։

Նոյեմբերի 17-ին Տակաիչին և Թրամփը Մանիլայում մասնակցել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հետ կապված հանդիպումներին, որոնց շրջանակում տեղի է ունեցել նաև Քառյակի գագաթնաժողովը, որի անդամներն են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը։ Նոյեմբերի 18-19-ը ղեկավարները մասնակցել են Չինաստանի հարավային Շենժեն քաղաքում կայացած Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, որի շրջանակում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո նոյեմբերի 19-ին Տակաիչին լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի և համախոհ գործընկերների հետ կաշխատի ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու ուղղությամբ։

«Մենք ավելի բարձր մակարդակի կհասցնենք Ճապոնիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք այժմ առավել վստահելի դաշնակիցներ են», - ասել է նա՝ հավելելով, որ Թրամփի հետ մտքեր է փոխանակել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Թրամփը, որը Տակաիչիին զանգահարել է նախագահական ինքնաթիռից, նրան տեղեկություններ է փոխանցել նաև Շենժենում Սի Ծինփինի հետ ունեցած երկկողմ բանակցությունների մասին։

Եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հռչակագրում առաջնորդները նշել են, որ Միջազգային քրեական դատարանը, որի ներկայիս նախագահը Ճապոնիայի քաղաքացի Տոմոկո Ականեն է, չպետք է չարաշահի իր իրավասությունները։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ինչպես ՄՔԴ-ի, այնպես էլ Ականեի և Հաագայում գործող կառույցի այլ պաշտոնյաների նկատմամբ։ Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի այդ միջոցառումների առնչությամբ՝ դրանք որակելով «անհամատեղելի» Տոկիոյի դիրքորոշման հետ։

Միացյալ Նահանգներ

Հրապարակվել է ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը

Հայերեն

Կառավարությունը նախատեսում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն