Հեգսեթը հանդիպել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ՝ ռազմական գործընկերությունը խորացնելու նպատակով
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը նոյեմբերի 18-ին մեկնել է Վենեսուելա և Կարակասում հանդիպել է երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորացնելու է Վենեսուելայի հետ ռազմական համագործակցությունը՝ օտարերկրյա ուժերի և թմրաահաբեկիչների դեմ պայքարին աջակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
«Մենք ակնկալում ենք զարգացնել մեր պաշտպանական համագործակցությունն ու գործընկերությունը՝ համատեղելով ԱՄՆ զինված ուժերի և Պատերազմի նախարարության փորձը ձեր զինված ուժերի զգալի կարողությունների հետ՝ ապահովելու, որ Վենեսուելայի ժողովուրդը չենթարկվի օտարերկրյա ուժերի, թմրաահաբեկիչների կամ հանցագործների սպառնալիքին և անվտանգ լինի իր ինքնիշխան սահմաններում», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հեգսեթը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Վենեսուելայի հետ համագործակցել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում։
ԱՄՆ-ն ստեղծել է «Ամերիկաների կարտելների դեմ կոալիցիան» (A3C)՝ որպես ռազմական և անվտանգության նախաձեռնություն, որն իրականացվում է «Ամերիկաների վահան» ծրագրի շրջանակում։ Դրա նպատակն է պայքարել Արևմտյան կիսագնդում գործող թմրակարտելների և անդրազգային հանցավոր խմբավորումների դեմ։
2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ոչնչացրել են թմրանյութերի ապօրինի տեղափոխման մեջ կասկածվող նավեր։
Նոյեմբերի սկզբին The New York Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Վենեսուելայի հետ՝ երկրում ամերիկյան զինված ուժերի մշտական ներկայություն ապահովելու շուրջ։