Վարչապետը պաշտպանել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու կառավարության քաղաքականությունը
3 րոպեի ընթերցում
Կառավարությունն աշխատում և բանակցում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, քանի որ Հայաստանի խնդիրը խաղաղություն հաստատելն է առաջին հերթին իր հարևանների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցին։
Պատգամավորը քննադատել է ընդդիմության հայտարարությունները խաղաղության, հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական դիվերսիֆիկացման վերաբերյալ։
Փաշինյանն իր պատասխանում անդրադարձել է հարևանների հետ շփումները ներքաղաքական մեղադրանքի առարկա դարձնելու մոտեցմանը։
«Մենք խաղաղության մասին քննարկել ենք բոլոր երկրների հետ, բայց այն սուբյեկտը, որի հետ պետք է խաղաղությունը հաստատենք, մեր գործընթացներից դուրս էր։ Ընդհակառակը՝ իր հետ նույնիսկ շփվելը եղել է խնդիր»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ կառավարության առաջնահերթությունը Հայաստանի անմիջական միջավայրում խաղաղությունն ապահովելն է։
«Մենք բաց ենք թողել մի կարևոր նրբություն, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի հետ՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը կոչ է արել նաև իշխանության ներկայացուցիչներին չտրվել այնպիսի բանավեճի, որի ընթացքում կողմերը միմյանց մեղադրում են Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ կապեր ունենալու համար։
«Մենք, այո՛, խոսում ենք, աշխատում ենք, բանակցում ենք, քննարկում ենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մեր հարևանների հետ առաջին հերթին, որովհետև խաղաղությունն իրենց հետ պետք է հաստատենք։ Ոչ մի մեծ տաղանդ պետք չէ գնալ և, ասենք, Նոր Զելանդիայի հետ անշրջելի և տևական խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է նա։
Վարչապետը հավելել է, որ կառավարությունը շարունակելու է այդ քաղաքականությունը՝ անկախ քննադատությունից։
«Մենք գնում ենք անշրջելի խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ և մեր միջավայրի հետ։ Եվ, այո՛, եթե այդտեղ մարդիկ մեղադրանք են տեսնում, թող մեզ մեղադրեն․ մենք Ադրբեջանի հետ ենք աշխատում»,- ասել է Փաշինյանը։