Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Հարավային Կովկասի մերձեցմանը Եվրոպայի հետ
3 րոպեի ընթերցում
Ռուսաստանի իշխանությունները չպետք է խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ, քանի որ այդ երկրները պատմական հնարավորություն են ստացել հաղթահարելու պատերազմների և բռնությունների ժամանակաշրջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Երևան և Բաքու իր առաջին պաշտոնական այցին մեկնելուց առաջ։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ դա անելով մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», - Վադեֆուլի խոսքերն է մեջբերում Deutsche Welle պարբերականը։
Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը «հստակ ցույց է տալիս, որ նախագահ Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը»։
Վադեֆուլի խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ գտնվում է «շրջադարձային փուլում» և ունի «պատմական հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարելու տասնամյակներ շարունակվող պատերազմները, բռնություններն ու տեղահանությունները»։
«Այն, ինչը երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, տեսանելի ապագայում դարձել է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու այս հնարավորությունից պետք է օգտվել», - ասել է նախարարը։
Նա ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «խիզախությունն ու պատասխանատվությունը»՝ հիշեցնելով 2025 թվականին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին։
«Այժմ գլխավորն է վստահորեն առաջ շարժվել», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ «Գերմանիան պատրաստ է այս գործընթացում լինել Հայաստանի և Ադրբեջանի վստահելի գործընկերն ու բարեկամը»։
Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն աջակցել «լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին»։
Գերմանիայի ԱԳ նախարարի համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վադեֆուլը նոյեմբերի 18-ին կժամանի Հայաստան և կհանդիպի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։