Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
2 րոպեի ընթերցում
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։
Գերատեսչությունը հորդորում է քաղաքացիներին չմոտենալ արջերին, չփորձել նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից, չկերակրել կենդանիներին և չգրավել նրանց ուշադրությունը։
«Արջի հանդիպելիս անհրաժեշտ է պահպանել հանգստություն, չվազել, չկատարել կտրուկ շարժումներ։ Պետք է դանդաղ հեռանալ՝ կենդանուն ազատ տեղաշարժվելու հնարավորություն տալով։ Հատկապես կարևոր է զգոն լինել ձագերի առկայության դեպքում, քանի որ մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին նաև հորդորում են չհավաքվել կենդանիների շուրջ և չփակել նրանց հեռանալու ճանապարհը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ։