3 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում կազմակերպվել է նոր անտառի ստեղծմանը նվիրված հանրային լսում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսումը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) պատվիրակությամբ՝ «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից Գավառ քաղաքում անտառապատման աշխատանքների իրականացման նախաձեռնության շրջանակներում։
Հանրային քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՇՄԱՓԿ» ՊՈԱԿ-ի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնակիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը՝ հավաստելով, որ համայնքապետարանն իր լիազորությունների շրջանակում առավելագույնս օժանդակելու և աջակցելու է Գավառ քաղաքում անտառապատման աշխատանքների իրականացմանը։
«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է ծրագրի ընդհանուր նկարագիրը՝ Գավառում անտառի համար նախատեսված տարածքը, տնկիների տեսակները, աշխատանքների ժամկետները, գործընթացի փուլերը, ծրագրի այլ մանրամասներ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՇՄԱՓԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Քրիստինե Հարությունյանը ներկայացրել է ՇՄԱԳ հաշվետվության մանրամասներ, որոնք վերաբերվում էին նախատեսվող գործունեության բնութագրին, ծրագրի իրականացման տարածքի բնական պայմաններին, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև նախատեսվող բնապահպանական միջոցառումներին և մշտադիտարկման ծրագրերին։
Քրիստինե Հարությունյանը նաև մի քանի պարզաբանող հարցեր է ուղղել ՇՄԱԳ մասնագետ Սուսաննա Անտոնյանին․ վերջինս ներկայացրել է դրանց հետ կապված հիմնավորումներ։
Իրենց հետաքրքրող հարցերը հաշվետվության կազմողներին և ՇՄԱՓԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչին ուղղել են նաև հանրային լսման մասնակիցները։
Ըստ ծրագրի՝ անտառտնկման աշխատանքներն իրականացվելու են Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարող տարածքում, անօգտագործելի, քարքարոտ հողատարածքներում՝ 27,90 հեկտար տարածքի վրա։ Տնկվելու են կաղնի, լեռնային թխկի, սոճի, վայրի տանձ և խնձոր։
Անտառտնկման աշխատանքների մեկնարկն, ամենայն հավանականությամբ, կտրվի 2027 թվականի գարնանը։