2 րոպեի ընթերցում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրիի բժշկական կենտրոնի աշխատակազմին ներկայացրել է տնօրենի պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավիթ Գևորգյանը ծննդով Շիրակի մարզից է։ Նա աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ և անհետաձգելի բուժօգնության վիրաբուժական ծառայության ղեկավար, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդանոցում և կենտրոնական բժշկական հանձնաժողովում՝ որպես վիրաբույժ։ Անկուսակցական է։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդգծել է Գյումրիի բժշկական կենտրոնի կարևոր նշանակությունը մարզի առողջապահական համակարգում՝ նշելով, որ բուժհաստատության անխափան և արդյունավետ աշխատանքն առաջնային նշանակություն ունի մարզի բնակիչների համար։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև բժիշկ Արմեն Խաչատրյանին՝ անցումային շրջանում կենտրոնի աշխատանքը համակարգված և անխափան կազմակերպելու համար և հաջողություն մաղթել նորանշանակ պաշտոնակատարին։
Առողջապահության նախարարն ու մարզպետը կարևորել են բժշկական կենտրոնի շարունակական զարգացումը, բուժծառայությունների որակի բարձրացումն ու բնակչության համար դրանց հասանելիության ապահովումը։ Նրանք ընդգծել են նաև կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Իսահակյանի ներդրումը բուժհաստատության կայացման գործում։ Իսահակյանը Գյումրիի բժշկական կենտրոնը ղեկավարել է երկար տարիներ՝ մինչև կյանքի վերջ՝ 2026 թվականի հունիսի 30-ը։