1 րոպեի ընթերցում
Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով Սևանա լճում և հարակից ճանապարհներին կուժեղացվի վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Նոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։
Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, դուրս կբերվեն ապօրինի որսի համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։
Երևանի և մարզերի շուկաներում կիրականացվեն ստուգայցեր՝ սիգի և սիգի ձկնկիթի վաճառքը կանխարգելելու նպատակով։
Ձկնորսների և բնակչության շրջանում կիրականացվեն նաև իրազեկման աշխատանքներ»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը՝ կոչ անելով պահպանել ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքը և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։
Նախարարն ընդգծել է, որ սիգի բնական վերարտադրության ապահովումը Սևանի ձկնային պաշարների վերականգնման կարևոր պայման է։