Հայաստան

ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակում սեռական բնույթի արտահայտությունների և բռնության ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման շրջանակում սեռական բնույթի արտահայտությունների և բռնության ցուցադրությունը

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ եթերում հնչած սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրության կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ՀՌՀ-ի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը նոյեմբերի 15-ին ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։ Եվ այս ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունն ու տարակուսանքը Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ։ Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ։

Հանրային գործառույթ ունեցող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում։

Իրավական հարցերից զատ գոյություն ունեն նաև զուտ էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են՝ անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։

Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։

ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը»։

Նշենք, որ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ միմյանց հարվածներ էին հասցրել և միմյանց հասցեին վիրավորական արտահայտություներ հնչեցրել քաղաքագետ Հարություն Մկրտչյանը և լրագրող Բորիս Մուրազին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում