Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

4 րոպեի ընթերցում

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամսագրում նշվում է, որ որպես ճամփորդական ամսագրի խմբագիրներ՝  ամեն տարի փորձում են տալ հաջորդիվ ո՞ւր ճանապարհորդել հարցի պատասխանը: Ուստի տարին մեկ անգամ դիմում են  ամենափորձառու հեղինակներին, ճանապարհորդության մասնագետներին և աշխարհի տարբեր երկրներում աշխատող խմբագիրներին՝ համատեղ կազմելու առաջիկա տարվա լավագույն ճանապարհորդական ուղղությունների վերջնական ուղեցույցը։ Ամիսներ շարունակ ուսումնասիրում են, համեմատում, աստիճանաբար նեղացնում ընտրության շրջանակը և մանրակրկիտ գնահատում իրենց ուշադրությանն արժանացած յուրաքանչյուր առաջարկ՝ փնտրելով ամենաթարմ ու ամենատպավորիչ ճանապարհորդական փորձառությունները։

Ցանկում ներառված մի շարք հետաքրքիր երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը, որի մասին հոդվածում գրված է.

«Կան նաև այնպիսի ուղղություններ, որոնք հորդորում են մեզ դանդաղեցնել կյանքի տեմպը և հնարավորություն տալ, որ հյուրընկալողի ու այցելուի միջև կապն ավելի խորանա։ Դա կարող է տեղի ունենալ թե՛ Հայաստանում նոր արշավային երթուղով քայլելիս, թե՛ բացիկների պատկերներ հիշեցնող Կուկի կղզիների միջով նավարկելիս։ Մենք գիտենք, որ շարունակելու ենք փնտրել բարձրակարգ գաստրոնոմիական և գինու հետ կապված փորձառություններ։ Սակայն այս տարի պատրաստ ենք հրաժարվել այն ռեստորաններում սեղան ամրագրելու մոլուցքից, որտեղ ամրագրումները բացվում են ուղիղ կեսգիշերին, և փոխարենը նախընտրել անմիջապես հողից ստացվող մթերքների վրա հիմնված ու խոհարարական դարավոր ավանդույթները պահպանող ուտեստները»:  

Ամսագիրը նշում է, որ կովկասյան լեռների գագաթների ու խոր կիրճերի մեջ թաքնված Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է բացահայտել երկիրը բոլորովին այլ տեսանկյունից՝ քայլելով պատմական արահետներով, այցելելով միջնադարյան վանքեր, ուսումնասիրելով քարանձավային բնակավայրերն ու ծանոթանալով տեղական համայնքների ավանդույթներին։

Ինչպես գրում է ամսագիրը, Հայաստանի հնագույն պատմությունն ու լեռնային բնաշխարհը հատկապես գրավիչ են դառնում դանդաղ, բացահայտումների վրա հիմնված ճանապարհորդությունների սիրահարների համար։ 

«Այս ճանապարհներին զբոսաշրջիկներին ուղեկցում են տպավորիչ լեռնային տեսարանները, խոր կիրճերի վրա վեր խոյացող միջնադարյան վանքերը, Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից պահպանված քարավանատներն ու հազարամյակների գինեգործական պատմությունը հիշեցնող հնագույն քարանձավները։ Իսկ Երևանում՝ աշխարհի հնագույն և մշտապես բնակեցված քաղաքներից մեկում, պատմական ամրոցներն ու վարդագույն տուֆակերտ շինությունները համադրվում են աշխույժ սրճարանային և ռեստորանային միջավայրի հետ»,- ասվում է ամսագրում։

Ամսագրի գնահատմամբ՝ 2027 թվականը հատկապես հետաքրքիր կարող է լինել Հայաստանի բնությամբ և արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվողների համար։ Երկրում աստիճանաբար զարգանում է անհրաժեշտ ենթակառուցվածքը, իսկ նոր քարտեզները, երթուղիների թարմացված հատվածները, ճանապարհային նշաններն ու զբոսաշրջային ծառայությունները լեռնային արշավներն ավելի հասանելի են դարձնում։

Թեմային անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Եվս մեկ միջազգային ճանաչում Հայաստանի զբոսաշրջային գրավչության և ներուժի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը:

Հայերեն English

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը