Գյումրիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված չորս փողոց հանձնվել է շահագործման

2 րոպեի ընթերցում

Գյումրիում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված չորս փողոց՝ Նորվեգական թաղամասին հարակից փողոցը, Սարուխանյան, Բելինսկու և Ջափարիձե փողոցները, հանձնվել է շահագործման։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ախուրյանի կոոպշին» ընկերությունը։

Այս չորս հատվածների բարեկարգման համար ընդհանուր առմամբ հատկացվել է ավելի քան 442 միլիոն դրամ, որից 243 միլիոն դրամը՝ 55 տոկոսը, համայնքային բյուջեի միջոցներն են, իսկ 45 տոկոսը՝ պետական բյուջեից հատկացված միջոցները։ Իրականացված աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել է ավելի քան 1,2 կմ ճանապարհ և մայթ, արդիականացվել է նույն երկարությամբ արտաքին լուսավորության համակարգը։ Կատարված շինարարական աշխատանքների համար սահմանվել է երեք տարվա երաշխիքային ժամկետ։

Հատկանշական է, որ Նորվեգական թաղամասին հարակից փողոցի՝Երևանյան խճուղու 105 շենքի ետնամասի բարեկարգումը նախնական նախագծով նախատեսված չի եղել։ Սակայն բնակիչների դիմումների հիման վրա Գյումրիի քաղաքապետարանը, համագործակցելով շինարարական կազմակերպության հետ, աշխատանքների ծավալում ներառել է նաև այդ հատվածը։ Արդյունքում լուծում է տրվել ճանապարհի, մայթի և ստորգետնյա ջրատարների հետ կապված խնդիրներին։

Գյումրիի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ փողոցաշինական ծրագրերը շարունակական բնույթ են կրում։ Ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին հաջորդ տարի կավելանա ևս 48 փողոցի հիմնանորոգման ծրագիր։ Շինարարական աշխատանքների հնարավորինս մեծ ծավալը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև փողոցաշինության համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ մնացած հատվածներում աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի։

Հայերեն