Մոլդովայի նախագահը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկումներ է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ. Moldpres
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպայում ունի բարեկամներ, որոնց հետ աշխատում է ուս ուսի տված։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres գործակալությունից, այս մասին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովից հետո հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
«Նրանք աջակցում են մեզ, իսկ մենք մնում ենք վստահելի գործընկեր և կայունության գործոն Արևելյան Եվրոպայում», - նշել է նախագահը։
Պաշտոնյան ընդգծել է, որ միջոցառման ընթացքում խթանել է Մոլդովայի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ներդրումային ու առևտրային հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանում էներգետիկ և տրանսպորտային կապերի զարգացումը։
Միջոցառման շրջանակներում Սանդուն եվրոպացի առաջնորդների հետ քննարկումներ է անցկացրել՝ նվիրված Մոլդովայի անվտանգային գործընկերությունների ամրապնդմանը և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հաջորդ քայլերին։ Բազմակողմ ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են եվրոպացի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Սանդուն Մակրոնի հետ համանախագահել է ժողովրդավարական Եվրոպայի անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրված կլոր սեղան քննարկումը։ Նշվում է, որ առաջնորդները քննարկել են «Ռուսաստանի վարած երկու պատերազմներն՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը և Եվրոպայի դեմ ուղղված հիբրիդային պատերազմը»։
Նախագահը նաև մասնակցել է «Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիա»-ի հանդիպմանը, որը 2025 թվականին Կոպենհագենում կայացած ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում նախաձեռնել էին Ֆրանսիան և Իտալիան։
Դուբլինում Մայա Սանդուն երկկողմ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլերի, Պորտուգալիայի, Դանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լատվիայի, Մալթայի վարչապետների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Եվրոպական քաղաքական համայնքը բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հարթակ է, որը միավորում է եվրոպական շուրջ 50 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև եվրոպական կառույցների ղեկավարությանը։