Ալիևը Դուբլինում հանդիպել է Զելենսկիի և Սանդուի հետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի  և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Ալիևը Իռլանդիա է մեկնել երկրի վարչապետ Մայքլ Մարտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հրավերով։  

Նոյեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրատնտեսական համագործակցությունը և մասնավոր հատվածի մակարդակով տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը դրական են գնահատել Ուկրաինայի նախագահի՝ Ադրբեջան կատարած նախորդ այցը և դրա շրջանակներում կայացած քննարկումները։ Մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցերի վերաբերյալ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկ սարքավորումների մատակարարման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Նախագահները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նույն օրը Դուբլինում Ալիևը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել նախկինում կայացած բարձր մակարդակի հանդիպումները և փոխադարձ այցերը։

Սանդուն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ հայտնելով այն զարգացնելու Մոլդովայի շահագրգռվածության մասին։

Մոլդովայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ալիևն ու Սանդուն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները։  

Հայերեն