Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

9 րոպեի ընթերցում

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը, համայնքահեն ծառայությունների զարգացումը, հասարակության շրջանում առկա կարծրատիպերի հաղթահարումն ու միջազգային փորձի կիրառումը կարևոր նշանակություն ունեն ոլորտի բարեփոխումների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հարցերը քննարկվեցին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կազմակերպած «Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահեն աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսի ընթացքում։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ողջունելով ներկաներին, կարևորեց հոգեկան առողջության ոլորտում իրականացվող աշխատանքներն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ միայն ընդունել առկա խնդիրները, այլև դրանց լուծման համար օգտագործել միջազգային փորձն ու մասնագիտական գիտելիքները։

Դեսպանը նշեց, որ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է և աջակցում է երկրում իրականացվող ժողովրդավարական, տնտեսական, սոցիալական և առողջապահական բարեփոխումներին։ Նա նշեց  նաև Ղարաբաղից տեղահանված անձանց ցուցաբերված աջակցության մասին՝ առանձնահատուկ կարևորելով պատերազմից և տեղահանությունից տուժած մարդկանց տրամադրված հոգեսոցիալական օգնությունը։

«Հոգեկան առողջությունը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման մակարդակներում, պետք է դիտարկվի որպես առողջապահական ընդհանուր բարեփոխումների և բնակչության առողջապահական դիմակայունության ամրապնդման անբաժանելի մաս։ Առողջությունն ազդեցություն ունի ոչ միայն մարդկանց հոգեկան վիճակի և կյանքի վրա, այլև շատ էական ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Ուստի կարծում եմ, որ չափազանց կարևոր է ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում՝ ավելի դիմակայուն տնտեսություն ունենալու համար»,-նշեց Մարագոսը։

Դեսպանը նաև ընդգծեց, որ առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և որևէ մեկը չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն իր հերթին նշեց, որ հոգեկան առողջության խնդիրները ժամանակի ընթացքում փոխակերպվում են, իսկ նոր տեխնոլոգիաների և հասարակական փոփոխությունների պայմաններում ստանում են նոր դրսևորումներ։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է համապատասխան արձագանք տա այդ փոփոխություններին՝ միաժամանակ ապահովելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։

Փոխնախարարը նշեց, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշակվել են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների պաշտպանությունն է և միջազգային պրակտիկայում կիրառվող մոտեցումների ներդրումը։ Փոփոխություններով նախատեսվում է նաև հնարավորություններ ստեղծել հոգեկան առողջության համայնքահեն խնամքի ծառայությունների նոր մոդելների ձևավորման համար։

«Մենք պետք է փորձենք ստեղծել այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց արժանապատիվ կյանքի իրավունքը համադրել նրանց ընթացիկ այլ կարիքների բավարարման հետ։ Տարիներ շարունակ խոսում ենք դրա մասին, որոշակի աշխատանքներ իրականացնում ենք, բայց գործնական, մարդակենտրոն մոդելային լուծում, որը հաշվի կառնի այդ անձանց իրավունքներն ու շահերը, դեռևս չենք ստացել»,-ընդգծեց Խարազյանը։

Փոխնախարարը կարևորեց  նաև հանրային իրազեկման աշխատանքները՝ նշելով, որ անհրաժեշտ է հաղթահարել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ձևավորված խարանը և բացասական վերաբերմունքը։

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ հոգեկան առողջության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում արդեն կան որոշակի ձեռքբերումներ, սակայն համակարգային փոփոխությունների հասնելու համար դեռևս մեծ անելիքներ կան։

Նրա խոսքով՝ հոգեկան առողջության վերաբերյալ մոտեցումներն աշխարհում փոխվել են, մինչդեռ Հայաստանում հանրային ընկալումները բավարար չափով չեն վերափոխվել։ Դեռևս տարածված են կարծրատիպեր, որոնց համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ է մեկուսացնել և սահմանափակվել նրանց բուժմամբ ու խնամքով։ Մինչդեռ խնդիրը վերաբերում է ոչ միայն առողջապահությանը, այլև սոցիալական պաշտպանությանը, մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանը և տնտեսական ակտիվությանը։

«Երբ մենք խոսում ենք կրթության, իրազեկման մասին՝ լրագրողների և հանրության շրջանում, չպետք է մոռանանք որոշումներ կայացնողներին։ Եթե նույնիսկ մենք լավագույն օրենքները մշակենք, լավագույն փորձը ներկայացնենք որպես փորձագետներ, որպես միջազգային կազմակերպություններ, եթե այդ ընկալումը և համոզմունքը չեն փոխվում որոշումներ կայացնողների շրջանում, մենք չենք կարող էական փոփոխությունների հասնել»,-նշեց Բաթոյանը։

Ապաինստիտուցիոնալացման գլոբալ փորձագետ Ժորժետ Մուլհերն անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաստատություններում պահելու մոտեցման հետևանքներին՝ ընդգծեց, որ ժողովրդավարական հասարակություններում անհրաժեշտ է անցում կատարել այնպիսի համակարգի, որտեղ յուրաքանչյուր մարդ գնահատված է և հնարավորություն ունի ապրելու համայնքում ու լիարժեք մասնակցելու հասարակական կյանքին։

Նրա խոսքով՝ հաստատությունները պատմականորեն օգտագործվել են այն մարդկանց տեղավորելու համար, որոնց հասարակությունը ցանկացել է վերահսկել։ Թեև այդ հաստատությունների նպատակը ներկայացվում է որպես մարդկանց պաշտպանություն և աջակցություն, ավելի քան մեկ դարի ընթացքում կուտակված ապացույցները վկայում են դրանցում ապրելու բացասական հետևանքների մասին։

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Հոգեկան առողջությունը Հայաստանում. դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաեվրոպական կոնֆերանսը

«Թեև հաստատությունները հայտարարում են, որ ստեղծված են մարդկանց պաշտպանելու և օգնելու համար, ավելի քան 100 տարվա ընթացքում կուտակված ապացույցները ցույց են տալիս, որ դրանք լրջորեն վնասում են այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությանը՝ չնայած այդ հաստատությունները ղեկավարող մարդկանց լավագույն ջանքերին։ Մարդիկ նախատեսված չեն հաստատություններում ապրելու համար, նրանք պետք է ապրեն համայնքում»,-ընդգծել է Մուլհերը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։

Հայերեն English

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին