Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն
4 րոպեի ընթերցում
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) դեկտեմբերի 12-ին Նյու Յորքի «Կիպրիանի» սրահում կանցկացնի իր 23-րդ ամենամյա բարեգործական Գալա երեկոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արժևորելով ժառանգությունը, կերտելով ապագան» խորագրով միջոցառման ընթացքում ՔՈԱՖ-ը կմեծարի կինոպրոդյուսեր Սև Օհանյանին, ինչպես նաև բարերարներ Փամելա Ավետիսյանին և նրա հանգուցյալ ամուսնուն՝ Էդվարդ Ավետիսյանին։
Գալա երեկոն կմիավորի հայկական սփյուռքի ներկայացուցիչների, բարերարների և համայնքային առաջնորդների՝ աջակցելու Հայաստանի համայնքների երեխաների ու ընտանիքների համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծելու ՔՈԱՖ-ի առաքելությանը։
Այս տարի հիմնադրամը կներկայացնի նաև իր զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի աշխարհագրության ընդլայնումը։ Առաջիկա տարիներին երեք նոր կենտրոն կբացվի Մյասնիկյան համայնքում (Արմավիրի մարզ), Գորիս և Կապան քաղաքներում (Սյունիքի մարզ):
Մրցանակներ՝ նշանակալի ավանդի և ձեռքբերումների համար
Այս տարվա Գալա երեկոյի ընթացքում Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի «Հզորացնելով սերունդներին» մրցանակին՝ Հայաստանի երեխաների համար նոր հնարավորություններ ստեղծելուն ուղղված իրենց երկարամյա աջակցության և բացառիկ նվիրումի համար։
«Օսկար»-ի առաջադրված և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր պրոդյուսեր Սև Օհանյանին կշնորհվի ՔՈԱՖ-ի «Կյանքի նվաճումների» մրցանակը՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի և հայկական ինքնությունը միջազգային հարթակներում ներկայացնելու ու արժևորելու համար։
«Մեր ամենամյա Գալա երեկոն հիշեցնում է, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ համայնքը, երբ այն համախմբվում է ընդհանուր տեսլականի շուրջ։ Մեծարելով մարդկանց, որոնց ձեռքբերումներն ու նվիրումը ոգեշնչում են՝ մենք նաև մտածում ենք ապագայի մասին՝ ձգտելով Հայաստանի ավելի շատ երեխաների ու ընտանիքների համար զագացման նոր հնարավորություններ ստեղծել։ Մեր համայնքի շարունակական աջակցությունն է, որ այս տեսլականը դարձնում է իրականություն»,- նշել է ՔՈԱՖ հիմնադիր և խորհրդի նախագահ դոկտոր Կարո Արմենը։
Երեկոյի հյուրերն ու ծրագիրը
Գալա երեկոյի ընթացքում կներկայացվեն ՔՈԱՖ-ի ծրագրերի շնորհիվ մեծ հաջողություններ արձանագրած երիտասարդների պատմությունները, ելույթ կունենան Հայաստանից ժամանած պատանի տաղանդավոր երիտասարդներ, կլինեն նաև հատուկ հյուրերի մասնակցությամբ անակնկալներ։
Երեկոն կվարեն «Էմմի» մրցանակակիր, Good Day LA հաղորդման վարող Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանը։
ՔՈԱՖ-ի նոր ծրագրերը՝ Արմավիրում և Սյունիքում
2003 թվականից ի վեր ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի համայնքների զարգացման ուղղությամբ՝ իրականացնելով կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր։ Հիմնադրամի առանցքային նախաձեռնություններից է 2018 թվականից Լոռու մարզում գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, որի պատմությունը վկայում է՝ ժամանակակից կրթության ու առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունը կարող են արմատապես փոխել համայնքների կենսամակարդակն ու ապագայի հեռանկարները։
Կենտրոնն ամեն շաբաթ սպասարկում է 30 համայնքի շուրջ 2,000 երեխայի և երիտասարդի։ Այնտեղ գործում է 19 կրթական ծրագիր՝ տեխնոլոգիաների, լեզուների, արվեստի, գիտության և սպորտի ուղղություններով։ Այսօր ՔՈԱՖ-ն ընդլայնում է այս մոդելի աշխարհագրությունը՝ երեք նոր կենտրոն հիմնելով Մյասնիկյան համայնքում (Արմավիրի մարզ), Գորիս և Կապան քաղաքներում (Սյունիքի մարզ):
Գալա երեկոյի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն ՔՈԱՖ-ի ծրագրերի ընդլայնմանը և Հայաստանի համայնքների երեխաների ու ընտանիքների համար կրթական, առողջապահական և զարգացման հնարավորությունների հասանելիության մեծացմանը։