Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում
6 րոպեի ընթերցում
Նորարարության հայկական հիմնադրամը (Armenian Innovation Foundation, AIF) հրապարակել է «AIF BLUEPRINT: Artificial Intelligence» տարեկան զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի համապարփակ քարտեզագրումը՝ ներառելով ոլորտի ընկերությունները, մարդկային կապիտալը, գիտահետազոտական կարողությունները, ենթակառուցվածքները, ներդրումային միջավայրը և ոլորտի զարգացման հնարավորությունները։
Հետազոտությունն իրականացվել է Նորարարության հայկական հիմնադրամի ծրագրերի և ռազմավարական նախաձեռնությունների մշակման համար տվյալահեն հիմք ձևավորելու նպատակով։ Այն հնարավորություն է տալիս գնահատելու էկոհամակարգի առկա կարողություններն ու կարիքները, խուսափելու ծրագրերի կրկնությունից և ռեսուրսներն ուղղորդելու առավել նպատակային նախաձեռնությունների իրականացմանը։ Հրապարակված արդյունքները կարող են օգտակար լինել նաև էկոհամակարգի մյուս մասնակիցներին՝ տվյալահեն որոշումների կայացման և համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Ի՞նչ է ներառում զեկույցը
Հետազոտությունն անդրադառնում է Հայաստանի ԱԲ էկոհամակարգի հիմնական բաղադրիչներին՝ արդյունաբերություն և մասնավոր ընկերություններ (ԱԲ ոլորտին առնչվող ընկերություններ, մասնագիտացման ուղղություններ և Հայաստանի դիրքը ԱԲ արժեքային շղթայում), կրթություն և մարդկային կապիտալ (բուհական ծրագրեր, ուսանողների թվաքանակ, աշխատուժի կառուցվածք և մասնագիտական կարողություններ), գիտահետազոտական գործունեություն (գիտահետազոտական հաստատություններ, լաբորատորիաներ, գիտական ուղղություններ և մասնավոր հատվածի հետազոտություններ ու մշակումներ՝ R&D), հաշվողական ենթակառուցվածքներ (տվյալների կենտրոններ, գրաֆիկական պրոցեսորներ (GPU) և բարձր արտադրողականությամբ հաշվարկների հնարավորություններ), ֆինանսավորում և ներդրումներ (պետական աջակցության մեխանիզմներ, վենչուրային ներդրումներ և ֆինանսավորման այլ հնարավորություններ), քաղաքականություն և միջազգային համագործակցություն (Ազգային առաջնահերթություններ, ոլորտը կարգավորող իրավական դաշտ և միջազգային գործընկերություններ)։
Հետազոտության հիմնական արդյունքները
Էկոհամակարգի քարտեզագրման արդյունքում նույնականացվել է ԱԲ ոլորտին առնչվող շուրջ 118 ընկերություն, զբաղվածության վերլուծված տվյալներում առանձնացվել է 882 հաստիք, որոնք ուղղակիորեն վերաբերում են արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և տվյալների գիտության մասնագիտական պաշտոններին, վեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱԲ և հարակից կրթական ծրագրերում ընդգրկված է 858 ուսանող, քարտեզագրվել է ԱԲ ուղղությամբ հետազոտական գործունեություն իրականացնող 10 գիտահետազոտական հաստատություն։ Ուսումնասիրվել են Հայաստանի ԱԲ հաշվողական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Firebird AI, Eleveight AI և Երևանի պետական համալսարանի տվյալների մշակման կենտրոնը։
Այս տվյալները հնարավորություն են տալիս գնահատելու Հայաստանի ԱԲ ոլորտի առկա ներուժը, բացահայտելու հետագա զարգացման ուղղությունները և ամրապնդելու գիտության, կրթության, արդյունաբերության ու պետական հատվածի համագործակցությունը։
Հետազոտության արդյունքները՝ ամբողջ էկոհամակարգի համար
Զեկույցը և դրան կից տվյալների հավելվածները հրապարակվում են՝ ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելու նպատակով։
Դրանք կարող են օգտակար լինել ընկերություններին՝ նոր գործընկերություններ ձևավորելու, ներդրողներին՝ շուկան և հնարավորությունները գնահատելու, համալսարաններին ու գիտահետազոտական կազմակերպություններին՝ կրթական և հետազոտական ծրագրերը զարգացնելու, իսկ պետական կառույցներին և միջազգային գործընկերներին՝ ռազմավարական նախաձեռնությունների մշակման համար։
Տվյալների հրապարակմամբ Նորարարության հայկական հիմնադրամը նպատակ ունի խթանել ապացույցների վրա հիմնված որոշումների կայացումը, ոլորտային համագործակցությունը և Հայաստանի ԱԲ էկոհամակարգի երկարաժամկետ զարգացումը։
«AIF BLUEPRINT: Artificial Intelligence» զեկույցն առաջին ոլորտային հրապարակումն է հիմնադրամի՝ Հայաստանի հինգ առաջնահերթ խորը տեխնոլոգիական ուղղությունների քարտեզագրման շարքում։ Առաջիկայում կհրապարակվեն նաև մյուս չորս ոլորտների վերաբերյալ զեկույցները՝ կենսատեխնոլոգիաներ և կենսաբանական գիտություններ, կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա, քվանտային տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն և տիեզերական տեխնոլոգիաներ:
Զեկույցների հրապարակումը նախատեսվում է իրականացնել ամենամյա պարբերականությամբ։
Նորարարության հայկական հիմնադրամի մասին
Նորարարության հայկական հիմնադրամը (AIF) պետական և մասնավոր հատվածների համագործակցության վրա հիմնված փորձագիտական մեխանիզմ է, որը նպաստում է Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների վերածմանը իրագործելի ծրագրերի։ Հիմնադրամը ձևավորում, վալիդացնում և փաթեթավորում է ռազմավարական նշանակության նախաձեռնություններ՝ հիմնվելով ոլորտային կարիքների, տվյալների և տեխնիկատնտեսական իրագործելիության վրա։ Այս գործընթացում հիմնադրամը համախմբում է պետական կառույցների, գիտակրթական հաստատությունների և արդյունաբերության փորձագիտական ներուժը՝ նպաստելով Հայաստանի գիտատեխնոլոգիական և արդյունաբերական զարգացմանը։