2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։
ՀՀ վարչապետը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով և շեշտել, որ դրանք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին Հայաստան է ժամանել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի շրջանակներում՝ նոյեմբերի 8-ի երեկոյան։