2 րոպեի ընթերցում
e-work.am-ը Հայաստանի Հանրապետության պետական զբաղվածության առաջին միասնական հարթակն է, որը ստեղծվել է աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապն ապահովելու նպատակով։ Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, իսկ գործատուներին՝ հրապարակել թափուր հաստիքներ և գտնել համապատասխան աշխատակիցներ։
e-work.am միասնական հարթակի, դրա ընձեռած հնարավորությունների, աշխատանքի որոնման, աշխատաշուկայի թվայնացման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես Փոդքաստ»-ի տաղավարում զրուցել ենք Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանի հետ։
Նրա խոսքով՝ բարեկեցության հասնելու միակ և ուղիղ ճանապարհն աշխատանքն է։
«Մեր զբաղվածության ոլորտում բարեփոխումներն ակտիվ փուլում են։ Ներկայում ունենք զբաղվածության բազմաթիվ ծրագրեր, և դրանք զարգացնելու ենք նաև նոր ծրագրերով»,-ասաց նա։
Լիանա Թովմասյանի խոսքով՝ ազգային հարթակն անվճար է, և պետական զբաղվածության բոլոր ծրագրերը ներառված են լինելու այնտեղ։
«Վերջին ամսվա տվյալներով՝ հարթակում գրանցված է 2004 գործատու։ Այս թվի մեջ կարող են լինել նաև գործատուներ, որոնք դեռևս թափուր հաստիքներ չեն հրապարակել։ Դա նույնպես ընդունելի է, քանի որ գործատուն կարող է տվյալ պահին թափուր հաստիք չունենալ, բայց, օրինակ, որպես կրթող կազմակերպություն՝ մասնակցել մեր զբաղվածության ծրագրերին»,-ասաց նա՝ հավելելով, որ հարթակում հրապարակված է նաև 3187 թափուր հաստիք։
«Սա նշանակում է, որ 3187 հաստիք և 2004 գործատու արդեն պատրաստ են թվային տիրույթում ընտրել իրենց համապատասխան աշխատակիցներին։ Կարևոր է նշել, որ հարթակը գործարկումից հետո գրեթե երկու տարի փորձնական կիրառվել է Սյունիքի և Կոտայքի մարզերում՝ անապահովության գնահատման համակարգի հետ կապված։ Հուլիսից այն պարտադիր կիրառվում է մեր բոլոր տարածքային կենտրոնների կողմից և ընդգրկում է ամբողջ Հայաստանի տարածքը»,-ասաց Թովմասյանը։