Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ
4 րոպեի ընթերցում
Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք օրերս հայտարարել էին միավորվելու և միասնական հանդես գալու մասին, իրենց համախմբման նպատակների մասին նոյեմբերի 8-ին իրազեկման ակցիաներ են իրականացրել Երևանի տարբեր հատվածներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրազեկման ակցիաների մեկնարկի մասին հայտարարել էր Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ակցիաների վերաբերյալ հրապարակված տեսանյութերից երևում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները փողոցում շփվում են իրենց հանդիպող քաղաքացիների հետ, նրանց են ներկայացնում այն նպատակները, որոնց շուրջ իրենք համախմբվել են։ Մասնավորապես, նրանք քաղաքացիներին թռուցիկներ են բաժանում՝ շեշտելով, որ «իրենց պայքարը Հայաստանի անկախությանը կրկին այո ասելու մասին է» ու պնդելով, թե «Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին պարտադրում է փոխել Սահմանադրությունը, ինչը իրենք թույլ չեն տա»։
Ընդդիմադիրների ակցիաներին անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Լևոն Տեր֊Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները։ Նրանց քաղաքական ժառանգները չեն խնայում ոչ մի ջանք՝ հանուն Հայաստանի անկախության դեմ պայքարի, հանուն իրենց կալուգացի տերերի։ Հատկապես ամաչում եմ Արամ Մանուկյանի փոխարեն, որը վերածվել է լիակատար Լևոն Զուրաբյանի։ Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մի շարք քաղաքական ուժեր հայտարարել էին համազգային համախմբման մասին՝ չնայած իրենց միջև առկա քաղաքական տարաձայնություններին։ Նոյեմբերի 4-ի երեկոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպումից հետո 13 քաղաքական ուժեր հանդես էին եկել միասնական հայտարարությամբ՝ նախանշելով այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պատրաստվում են միավորել իրենց ջանքերը։ Ընդդիմադիր ուժերը որպես համախմբման առաջնահերթություններ առանձնացրել էին չորս ուղղություն՝ «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։ Հայտարարության ստորագրողների թվում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Հայաքվե» նախաձեռնությունը, «Ապրելու երկիր», «Ժառանգություն», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան» և այլ քաղաքական ուժեր։ Հենց վերոնշյալ ուժերի ներկայացուցիչներն էլ նոյեմբերի 8-ին մասնակցել են իրազեկման ակցիաներին։