Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն
7 րոպեի ընթերցում
«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնը, որի շրջանակում ցուցադրվելու են Կաննի, Անսիի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոններում մրցանակների արժանացած բացառիկ ֆիլմեր, արդեն իրականություն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հանդիսավոր մեկնարկն ազդարարվեց նոյեմբերի 7-ին Կինոյի տանը ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրամայի ցուցադրությամբ։
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին անդրադարձավ 18-րդ «ՌեԱ»-ի նորություններին՝ նշելով, որ սկիզբ են դրել ReA Academy Lab-ին, որը պետք ծառայի ապագայում Հայաստանում անիմացիոն և թվային դպրոցի ստեղծմանը: Քասունին այդ նախաձեռնությունը կարևոր ձեռքբերում է համարում: «Բնականաբար կարևոր են ցուցադրվող ֆիլմերն ու պատկերապատման գրքերը, որոնք հրատարակում ենք: Այս տարի նաև hosq հիմնադրամի աջակցությամբ ունենք թվային խաղերի ոլորտը ներկայացնելու հնարավորություն և տեխնիկա: Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը, և այն տարեցտարի մեծանում է, ինչը մեզ համար մեծ հաջողություն է»,-ասաց նա:
Փառատոնին նախատեսվում է ֆրանսահայ անվանի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարք։ Ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 9-ին «Նաիրի» կինոթատրոնում։ Սերժ Ավետիքյանը ներկա կլինի բացմանը։
Ավետիքյանը ներկա էր նաև «ՌեԱ»-ի բացմանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր անիմացիոն ֆիլմերն էապես տարբերվում են այն կինոնկարներից, որոնք ցուցադրվում են փառատոնի շրջանակում, որովհետև իր ֆիլմերը, ինչպես ինքն ասաց, գեղարվեստանկարի միջոցով են անիմացիոն: ««ՌեԱ»-ի հետ ունեմ մի քանի ֆորում. շատ կարևոր է ՀԲԸՄ-ում հանդիպումը, որի ընթացքում կայանալու է իմ հաջորդ նախագծի փիչինգը: Ցույց ենք տալու ֆիլմի վերջնական ոճը: Այն նոր ենք ավարտել Փարիզում: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր քննարկումների առարկա կարող է դառնալ: Մի խոսքով՝ կապը «ՌեԱ»-ի և իմ ֆիլմերի միջև մեծ է, քանի որ իմ բոլոր ֆիլմերում անիմացիոն մոտեցում կա»,-ընդգծեց Ավետիքյանն ու հավելեց՝ միշտ հետաքրքրված է եղել նորագույն տեխնոլոգիաներով, սակայն միայն այն նպատակով, որ դրանք ծառայեն օրիգինալ ոճի, ոչ թե նպաստեն կոմերցիոն գործերի ստեղծմանը:
Նա հարցադրում արեց, թե որ ռեժիսորներն են իրենց լեզուն գտել և հիշատակեց Տարկովսկուն, Փարաջանովին, Փելեշյանին, Մալյանին, Դովլաթյանին: Ըստ Ավետիքյանի՝ երիտասարդները պետք է գտնեն իրենց լեզվի յուրահատկությունն ու փորձեն չկրկնօրինակել միմյանց:
«Ես ճանաչել եմ Ռոբերտ Սահակյանցին, որն ամենամեծ անիմատորներից է եղել Հայաստանում: Նրա բոլոր ֆիլմերը, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի գործերի հետ, հրաշալի են ու ապրում են: Այսօր շատ բան է փոխվել. այսօրվա անիմացիան մեծ կապ ունի տեխնոլոգիաների հետ: Կարծում եմ՝ պետք մի քիչ զգույշ լինել, որպեսզի տեխնիկայի միջոցով մոտեցումն անիմացիային չլինի մակերեսային: Պետք է ունենալ սեփական հայացքը, տպավորությունը, ինքնությունը: «ՌեԱ»-ն ընձեռում է աշխարհում ստեղծված անիմացիոն ֆիլմերը դիտելու, համեմատելու հնարավորությունը»,-շեշտեց նա:
Փառատոնին Սերժ Ավետիքյանին հաճելի անակնկալ էր սպասվում: Նա «ՌեԱ» մրցանակի արժանացավ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար:
«ՌեԱ»-ի մրցութային ծրագրում ընդգրկված են 2026 թվականի աշխարհի լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմերից մի քանիսը՝ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի «Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներներ Էրվին Հանի և Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին», Կոհեյ Կադովակի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», Ադրիա Գարսիայի «Բարուկադա գանձը», Ալբերտ Վասկեսի «Դեկորադո» և, իհարկե, ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» ֆիլմը։
Փառատոնի բացման օրից Հայաստանի կինոգործիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում հնարավոր է վայելել ReAComics պատկերապատման ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ հեղինակների պատկերապատման աշխատանքները: «ՌեԱ»-ի կարևոր բաղադրիչներից է ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը, որը անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղերի և վիզուալ արվեստների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն մասնագիտական շուկան և միջոցառումն է։ Կանցկացվի նոյեմբերի 9- 11-ը ՀԲԸՄ (AGBU)-ում։
CoReAct համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 12 նախագիծ։ Մասնակիցները նախագծերը կներկայացնեն միջազգային ժյուրիին՝ ունենալով աշխատանքային ու գաղափարային քննարկումներ։
Նոյեմբերի 8-28-ը փառատոնն առաջին անգամ ներկայացնում է ARCANE-League of Legends ցուցահանդեսը Հայաստանում։ Այցելուները հնարավորություն կունենան հայտնվել հայտնի անիմացիոն սերիալի ստեղծագործական աշխարհի յուրահատուկ իրականությունում։
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 14-ին Կինոյի տանը տեղի կունենա «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կլինի մուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկների կողմից արդեն սիրված նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը:
Այս տարի ևս փառատոնը հագեցած է հետաքրքիր աշխատարաններով․ իրենց փորձը մասնակիցներին կփոխանցեն նկարազարդող, կերպարների կոնցեպտ արտիստ և արտ դիրեկտոր Իգոր Հերաս Ֆերնանդեսը, գրաֆիկական վեպերի հեղինակ, նկարազարդող, սցենարիստ և լեգենդար Prince of Persia խաղերի ստեղծող Ջորդան Մեքները, անիմացիոն նկարիչ Արմին Թաղդիսիրադը։ Կանցկացվի անիմատոր Դեն Ֆրանկեի դասախոսությունը, իսկ նկարիչ Դիանա Եղիկյանը վարպետության դաս կանցկացնի։ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: