2 րոպեի ընթերցում
Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանի մերձակայքում, նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 3-ը կանցկացվեն երկու՝ Freedom Shield 26-II («Ազատության վահան 26-II») և Grand Eagle 26 («Մեծ արծիվ 26») զորավարժությունները՝ ավելի քան 6000 զինծառայողի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժություններն անցկացվում են Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի ղեկավարությամբ, որը կապահովի իրեն ենթակա բրիգադների կառավարումը՝ դրանց կազմավորումից և առաջադրանքների կատարմանը պատրաստ լինելու պահից մինչև բոլոր զորամասերի վերադարձը մշտական տեղակայման վայրեր։ Երկու զորավարժությունների նպատակն է ամրապնդել զորամասերի մարտական պատրաստվածությունը, կատարելագործել հրամանատարության և կառավարման ընթացակարգերը, օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև բարելավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Լիտվայի և Լեհաստանի միջև փոխգործակցությունը», - ասվում է մամուլի տեղեկագրում։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի կազմից Lietuva 45-րդ զրահատանկային բրիգադի և Saksonija 37-րդ մեքենայացված հետևակային բրիգադի ավելի քան 6000 զինծառայող։ Նաև դրանց կմասնակցեն Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական բրիգադի զինծառայողները՝ Գերմանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից, Խորվաթիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, ինչպես նաև լիտվական բանակի ստորաբաժանումները։
Վարժանքները կանցկացվեն Լիտվայի զինված ուժերի Պաբրադեի և Ռուդնինկայի զորավարժարաններում, որոնք գտնվում են Բելառուսի հետ սահմանի մերձակայքում։