Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ինչի հետևանքով կա 9 զոհ և 3 վիրավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված որքան էլ օրենսդրական փոփոխություններ կատարեն, միևնույն է, անհատ վարորդի մարդկային գործոնը որոշիչ դեր է ունենալու։

«Մենք երթևեկության անվտանգության բարձրացմանը միտված միջոցառումներ ենք ձեռնարկում՝ սկսած գծանշումներից։ Տեսնում եք, որ ճանապարհներին ունենք վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված գծանշումներ, որոնք նախկինում չեն եղել։ Եթե ակնկալում եք, որ ես ստանձնեմ հանձնառություն, որ ապագայում նման դժբախտ պատահարներ չենք ունենալու, դա իրատեսական չէ։ Իհարկե, ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի թիվը նվազեցնելը շատ կարևոր է, բայց մենք պետք է առերեսվենք նաև այն փաստին, որ մեքենաների քանակն է ավելանում։

Այս դեպքով դեռ չգիտենք, թե ինչն էր վթարի պատճառը։ Փորձաքննությունը կպարզի՝ վարորդը քնա՞ծ է եղել, թե՞ արգելակներն են խափանված եղել։

Երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված որքան էլ օրենսդրական փոփոխություններ կատարենք, միևնույն է, անհատ վարորդի մարդկային գործոնը որոշիչ դեր է ունենալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով կա ինը զոհ և երեք վիրավոր։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախաքննությունը շարունակվում է։

Հայերեն