3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետությունը պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական հարթակին, ինչը հետագայում հնարավորություն կտա, որ երկրում տրված դեղատոմսը կամ բժշկական ամփոփագիրը ճանաչվեն մեկ այլ եվրոպական պետությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Այս հարցը քննարկվել է Մոլդովայի առողջապահության նախարարությունում՝ Եվրոպական հանձնաժողովի փորձագետների առաքելության շրջանակներում, որն իրականացվել է TAIEX գործիքի միջոցով։
Առաքելության երկրորդ օրը քննարկումները կենտրոնացել են էլեկտրոնային առողջապահական գրառումների համակարգի զարգացման, առողջապահական համակարգի թվայնացման համար պատասխանատու հաստատությունների, ինչպես նաև հետազոտական նպատակներով բժշկական տվյալների անվտանգ օգտագործման մեխանիզմների վրա։
Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է էլեկտրոնային առողջապահության (eHealth) ազգային կոնտակտային հարթակի ստեղծմանը և այն քայլերին, որոնք անհրաժեշտ են Մոլդովայի Հանրապետությունը բժշկական տեղեկատվության փոխանակման եվրոպական ենթակառուցվածքին միացնելու համար։
Միաժամանակ, իշխանությունները դիտարկում են մասնագիտացված հաստատության ստեղծման հնարավորությունը, որը կկառավարի էլեկտրոնային առողջապահական գրառումները և ոլորտի ազգային համակարգերը։
Քննարկումների մեկ այլ առանցքային թեմա է եղել առողջապահական տվյալների հասանելիությունն ապահովող մարմնի գործարկումը։ Այս մարմինը հնարավորություն կտա օգտագործել բժշկական տեղեկատվությունը հետազոտությունների և հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման համար՝ պահպանելով անվտանգության և տվյալների պաշտպանության խիստ պահանջները։
Ֆրանսիայից և Ֆինլանդիայից փորձագետները ներկայացրել են մեխանիզմներ, որոնց միջոցով տվյալներին հասանելիությունը տրամադրվում է հանրային չափանիշներով գնահատված դիմումների և պարտադիր պայմաններ սահմանող թույլտվությունների հիման վրա:
TAIEX-ը Եվրոպական հանձնաժողովի՝ տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որի միջոցով պետական կառավարման մարմիններին աջակցություն է ցուցաբերվում Եվրոպական միության ստանդարտների և լավագույն փորձի ներդրման հարցում։ Քիշնևում իրականացվող առաքելությունը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ և հանդիսանում է երկրի՝ Եվրոպական առողջապահական տվյալների տարածքին (European Health Data Space) ինտեգրման գործընթացի մի մասը։