2 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի փողոցում ավարտին են մոտենում հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի կենտրոնական փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 608 միլիոն 610 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 1400 գծամետր երկարությամբ և 11780 քմ մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ, մայթերի վերակառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում, այլ աշխատանքներ։
Դեռևս 2025 թվականի նոյեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Առաջիկա օրերին կիրականացվեն նաև ճանապարհի գծանշման և կահավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ճան Շին» ՍՊԸ-ն։
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ճամբարակի կենտրոնական փողոցում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց՝ 182 միլիոն 271 հազար դրամ արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով՝ 54 միլիոն դրամ ներդրմամբ, Ճամբարակի կենտրոնական փողոցում կառուցվել է 145 մետր երկարության հենապատ։
Իրականացված ծրագրերի արդյունքում Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցը դարձել է միանգամայն բարեկարգ, անվտանգ, լուսավոր, կահավորված ու գեղեցիկ։
Նոյեմբերի 3-ին Ճամբարակի կենտրոնական փողոցում իրականացված աշխատանքների մշտադիտարկում է իրականցրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։