2 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում վերանորոգվում են Ծովագյուղի և Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզները։ Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է իրականացրել այդ մանկապարտեզների շինհրապարակներում, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են։
«Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացրել են, որ մարզպետի առաջին կանգառը Ծովագյուղի մանկապարտեզն է եղել։ Այստեղ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։
Մանկապարտեզի վերանորոգումն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 175 միլիոն 427 հազար 852 դրամ է։ Հաստատության բակային տարածքի բարեկարգումն իրականացվում է համայնքային միջոցներով, որի համար նախատեսվել է 62 միլիոն 850 հազար դրամ։
Այնուհետև Կարեն Սարգսյանն այցելել է Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, որտեղ ևս վերանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Այս ծրագրի ընդհանուր արժեքը 167 միլիոն 103 հազար 764 դրամ է։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են համայնքի միջոցների հաշվին՝ 78 միլիոն 900 հազար դրամի շրջանակում։
Շինհրապարակներում մարզպետը զրուցել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մատնանշել արձանագրված թերությունները, ներկայացրել դրանց վերացման վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ և տվել համապատասխան հանձնարարականներ։