Իրանը Հայաստանին առաջարկել է ստեղծել անդրսահմանային համատեղ խաղաղության և բարեկամության պարկ. Համիդ Զոհրաբի

15 րոպեի ընթերցում

Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության բնական միջավայրի պահպանության գծով փոխնախագահ, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային մակարդակով համակարգող, դոկտոր Համիդ Զոհրաբին հայտնել է, որ իրանական կողմը ՀՀ-ին առաջարկել է ստեղծել անդրսահմանային համատեղ խաղաղության և բարեկամության պարկ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այն կուսումնասիրվի և կքննարկվի փորձագիտական հանդիպումների ընթացքում, որոնք կանցկացվեն COP17-ի ավարտից հետո՝ սահմանված ժամանակացույցի համաձայն։

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հետ Համիդ Զոհրաբիի բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ։ 

-Ինչպե՞ս կգնահատեք և կամփոփեք COP17 համաժողովը, և ի՞նչ տպավորություններ ստացաք դրա արդյունքներից։

-Նախևառաջ, ցանկանում եմ իմ և գործընկերներիս երախտագիտությունը հայտնել Հայաստանի ժողովրդին և կառավարությանը։ Հայաստանը հիանալի հյուրընկալող երկիր էր այս հանդիպման համար։ Պատշաճ կազմակերպումը, աշխատանքների սահուն ընթացքը և ջերմ ու անկեղծ հյուրընկալությունը մեծապես գնահատելի են։

Ընդհանուր առմամբ` հաշվի առնելով, որ COP17-ն անցկացվում է 2030 թվականին ընդառաջ, որը կենսաբազմազանության 23 նպատակների իրականացման համար սահմանված վերջնաժամկետն է, այն Կոնվենցիայի շրջանակներում անցկացվող կարևորագույն համաժողովներից մեկն է։ Չնայած մի շարք հարցերի, այդ թվում՝ ֆինանսավորման վերաբերյալ երկրների միջև առկա տարաձայնություններին, երկրների ներկայացուցիչների համագործակցության, փոխըմբռնման և որոշ երկրների պատվիրակների ցուցաբերած ճկունության շնորհիվ հնարավոր եղավ հասնել վերջնական համաձայնության։

Երկրների առաջնորդների և նախագահների մասնակցությունն առավել ընդգծեց այս համաժողովի կարևորությունը միջազգային հանրության աչքում։ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները ևս իրենց առաջարկություններով նշանակալի ներդրում ունեցան համաձայնության ձեռքբերման գործում։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ զարգացած երկրները, ինչպես նաև կենսաբազմազանության ոլորտում գործող համաշխարհային հիմնադրամները պետք է հավատարիմ մնան կենսաբազմազանության նպատակների իրագործման համար ֆինանսական միջոցների ժամանակին և արդարացի տրամադրման իրենց պարտավորություններին։

-Ի՞նչ առաջարկություններ է ներկայացրել իրանական պատվիրակությունը նախարարական հանդիպմանը մասնակցության շրջանակում, և ի՞նչ հարցեր է կարևորել նախարարների քննարկումների ընթացքում։

-Իրանական պատվիրակության ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական հարցերից մեկը որոշ երկրների կողմից ստեղծվող քաղաքական մթնոլորտի ազդեցությունն էր այն գործընթացների վրա, որոնք միտված են մի շարք երկրների, այդ թվում Իրանի՝ կենսաբազմազանության պահպանության և վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական, տեխնոլոգիական և արդյունավետ միջոցներից արդար ու հավասար օգտվելու հնարավորությունների ապահովմանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ եթե տարբեր երկրներից ակնկալվում է սահմանված և միանման ժամկետներում կատարել միևնույն պարտավորությունները, ապա ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական ռեսուրսների բաշխման գործընթացում ևս պետք է լիարժեքորեն ապահովվեն թափանցիկության, արդարության, հավասարության և ժամանակին տրամադրման սկզբունքները։

Իրանի Իսլամական Հանրապետությունը բնության պահպանության իր վաղեմի ավանդույթների և ազգային ռազմավարական փաստաթղթերի ու օրենսդրական ակտերի հիման վրա շարունակում է լիովին հավատարիմ մնալ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր ներքին հնարավորությունների և ռեսուրսների օգտագործմամբ ազգային պարտավորություններն ու նպատակները, ինչպես նաև Կոնվենցիայի նպատակներն ու խնդիրները պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար։ Տարածաշրջանում քաղաքական շահարկումները, պատերազմն ու անկայունության ստեղծումը մեզ չեն շեղի մեր նպատակների իրագործման ճանապարհից։

Իրանը մասնակցային գործընթացի շրջանակում համապարփակ և ներառական մոտեցման հիման վրա լիովին վերանայել է կենսաբազմազանության ոլորտի իր ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ դրանք համապատասխանեցնելով «Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին»։ Այս գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվել կանանց և երիտասարդների ներգրավվածությանը, ինչպես նաև բնապահպանական բազմակողմ համաձայնագրերի միջև համագործակցության և փոխլրացման ամրապնդմանը։

Այս համատեքստում «Ամբողջ կառավարություն՝ ամբողջ հասարակություն» մոտեցման հիման վրա և բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ստեղծվել է Կենսաբազմազանության ռազմավարական խորհուրդը։ Կենսաբազմազանության ոլորտի երկրի նոր ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը հաստատվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նախագահությամբ գործող Շրջակա միջավայրի պահպանության բարձրագույն խորհրդի կողմից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգված տեսակների պահպանությունը, խոցելի պոպուլյացիաների վերականգնումը, ինչպես նաև դրանց կենսամիջավայրերի պաշտպանությունն ու վերականգնումը դիտարկում է որպես երկրի բնական ժառանգության պահպանության առաջնահերթ ուղղություններ։

Հատկանշական տեսակների համատեղ մշտադիտարկումն ու պահպանությունը, առանձին տեսակների համար հատուկ գործողությունների ծրագրերի մշակումը և իրականացումը, մասնագիտացված ազգային աշխատանքային խմբերի ու տեսակների հարցերով փորձագիտական հանձնաժողովների ձևավորումը, վայրի կենդանիների փրկության, բուժման և վերականգնման կենտրոնների զարգացումը, ինչպես նաև տեսակների վերականգնման ծրագրերի իրականացումը այն քայլերից են, որոնք մենք ձեռնարկում ենք երկրի արժեքավոր տեսակների պահպանության ուղղությամբ՝ տեսակների անհետացումը կասեցնելու և դրա ընթացքը շրջելու համաշխարհային առաքելության շրջանակում։

Հաստատվել են կենսաբազմազանության պահպանության գործում տեղական համայնքների և մասնավոր հատվածի մասնակցությունը խթանող կանոնակարգեր ու ուղեցույցներ, ինչպես նաև մշակվել են լեռնային տարածքների և կենսոլորտային արգելոցների պահպանության հատուկ ծրագրեր։ Բացի այդ, կենսաբազմազանության արժեքների հիման վրա պահպանվող տարածքների ընդլայնման, դրանց կառավարման արդյունավետության բարձրացման և էկոլոգիական կապակցվածության բարելավման արդյունքում Իրանի ցամաքային և ծովային տարածքների շուրջ 27.6 տոկոսն արդեն ներառված է պահպանվող տարածքների կամ արդյունավետ պահպանության ներքո գտնվող այլ տարածքների (OECM) համակարգում։ Այս քայլը մեզ ավելի է մոտեցնում մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների 30 տոկոսը պահպանության ներքո ընդգրկելու համաշխարհային նպատակին, որը հայտնի է որպես «30-ը՝ 30-ի դիմաց» (30×30) նպատակ։

-Երկկողմ և բազմակողմ համագործակցության տեսանկյունից ի՞նչ գործնական օգուտներ և արդյունքներ կարող է ապահովել COP17 համաժողովը։

-Իրանական պատվիրակությունը, բացի համապատասխան մասնագիտական նիստերին մասնակցելուց և կազմակերպիչների ու մասնակիցների հետ կապեր հաստատելուց, COP17-ի շրջանակում համաժողովի հիմնական նիստերին զուգահեռ, մի շարք հանդիպումներ է անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի պատվիրակությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների՝ IUCN-ի, CITES-ի, IPBES-ի և Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչների հետ՝ գիտական և տեխնիկական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։

Բացի այդ, վտանգված տեսակների փրկության, կենսաբազմազանության ոլորտում տեխնոլոգիաների և մշտադիտարկման, լեռնային տարածքների պահպանության, ինչպես նաև վնասակար սուբսիդիաների վերացման վերաբերյալ նախաձեռնությունները արժեքավոր առաջարկներ էին, որոնք ներկայացվել են COP17-ի նախագահի կողմից։ Իրանը ողջունել է այդ նախաձեռնությունները՝ դրանք դիտարկելով որպես համագործակցության ընդլայնման և կենսաբազմազանության նպատակներին հասնելու հնարավորություն և պաշտոնական խողովակներով հայտնել դրանց միանալու իր պատրաստակամության մասին։ Իրանի ներկայացուցիչները նաև խորհրդակցություններ են անցկացրել Կոնվենցիայի մի շարք ասոցիացիաների գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ոլորտի ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) իրականացումն առավել արագ առաջ մղելու նպատակով։

-Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են և կենսաբազմազանության ոլորտում բախվում են ընդհանուր մարտահրավերների՝ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Մեր առաջարկը հարևան Հայաստանին երկու երկրների միջև անդրսահմանային համատեղ խաղաղության և բարեկամության պարկի ստեղծումն էր։ Այս առաջարկը ներկայացվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։ Դեռևս 2012 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվել էր անդրադառնալ այս հարցին։ Վերջերս պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այն կուսումնասիրվի և կքննարկվի փորձագիտական հանդիպումների ընթացքում, որոնք կանցկացվեն COP17-ի ավարտից հետո՝ սահմանված ժամանակացույցի համաձայն։

Այս խաղաղության և բարեկամության պարկի ստեղծման նպատակն է համատեղ կերպով պահպանել երկու երկրների միջև վայրի կենդանիների միգրացիոն միջանցքները, արդյունավետորեն պաշտպանել սահմանամերձ կենսամիջավայրերը, զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները։ Քննարկված մյուս կարևոր հարցերից էր Արաքս գետի պաշտպանությունն աղտոտումից։

-Իրանի բնապահպանական խնդիրներից որո՞նք կառանձնացնեիք որպես առավել հրատապ լուծում պահանջող հարցեր։ Ձեր փորձի հիման վրա ի՞նչ նկատառումներ և տեսակետներ կարող եք ներկայացնել հայ գործընկերներին։

-Արևմտյան երկրների կողմից կիրառվող անարդար պատժամիջոցները, Իրանի դեմ վերջին երկու ագրեսիաների հետևանքով պատճառված բնապահպանական վնասները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ոլորտում ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական ռեսուրսների անարդար բաշխումը դժվարություններ են ստեղծել Իրանում շրջակա միջավայրի պահպանության աշխատանքների իրականացման համար։ Թեև մենք, առաջնորդվելով մեր իրավական և ազգային պարտավորություններով, շարունակում ենք հետևողականորեն կատարել մեր աշխատանքը և չենք դադարեցնում ջանքերը, այնուամենայնիվ, այս հարցերն ու առկա անարդարությունը վերացնելու անհրաժեշտությունը COP17-ի շրջանակում մեր քննարկումների կարևոր թեմաներից էին, ինչպես մեր հարևանների, այնպես էլ հատկապես Հայաստանի հետ երկխոսության ընթացքում։

-Ինչպե՞ս կարող են կառավարություններն ապահովել և երաշխավորել, որ տնտեսական աճը, ենթակառուցվածքների զարգացումն ու մասնավոր հատվածի ներդրումները չիրականացվեն կենսաբազմազանության վնասման հաշվին։

-Թեև այս հարցը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով սահմանված միջազգային պարտավորություն է, սակայն մինչև միջազգային հանրության առջև նման պարտավորություն ստանձնելը կառավարությունները պետք է գիտակցեն այս խնդրի անտեսման տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները։ Կենսաբազմազանության կորստի հետևանքներն առաջին հերթին կրում են հենց այդ երկրները։ Իրանի տարածքում անապատային ընդարձակ գոտիների առկայության պատճառով այստեղ ձևավորվել են փխրուն էկոհամակարգեր, և այս հանգամանքը տարիներ շարունակ եղել է քաղաքական գործիչների և մասնագետների ուշադրության կենտրոնում։ Հենց այդ պատճառով էլ ավելի քան 70 տարի առաջ Իրանում ստեղծվել են բնության պահպանության պետական կառույցներ։

Իրականում կառավարությունների կողմից կենսաբազմազանության պահպանության կարևորության գիտակցումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներքին միջոցառումների իրականացումը, մասնավորապես, համապատասխան կանոնակարգերի և օրենքների ընդունումը, հանդիսանում են ամենակարևոր երաշխիքները։ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գործառնական նպատակն այս հարցին անդրադառնում է բավականին համակողմանիորեն։ Տարածական պլանավորումը, որը հիմնված է մասնակցային մոտեցման և կենսաբազմազանության պահպանության առաջնահերթության վրա, ինչպես նաև կառավարման արդյունավետ գործիքների, այդ թվում՝ ռազմավարական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների կիրառումը, հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել զարգացման և տնտեսական աճի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա։ Հենց նման պայմաններում կարելի է ապավինել նաև այս ոլորտում երկրների միջև արդյունավետ համագործակցության զարգացմանը։

-Նոյեմբերին նախատեսվում է անցկացնել ևս մեկ կարևոր միջոցառում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք COP31 համաժողովից։

-Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես COP17-ի դեպքում, ակտիվորեն կմասնակցի նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ COP31 համաժողովին։ Ռիոյի կոնվենցիաների և բնապահպանական բազմակողմ համաձայնագրերի միջև ներդաշնակության և համագործակցության ապահովումը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգողի մեր գործունեության առաջնահերթություններից է։ Այս համաժողովում ևս Իրանի ակնկալիքն է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործունեությունը զերծ մնա որոշ քաղաքականացված մոտեցումներից։ Առողջ և կենսունակ կյանքի ապահովման, ինչպես նաև բնության հետ ներդաշնակ կյանքի հեռանկարին հասնելու համար բոլոր մարդիկ պետք է ապրեն առողջ և դիմակայուն կենսոլորտում։ Իսկ դրան կարելի է հասնել միայն միջազգային հանրության համակողմանի համագործակցության միջոցով։

Հայերեն English فارسی Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը