4 րոպեի ընթերցում
Տեղի բնակլիմայական պայմաններին առավել հարմարեցված մշակաբույսերի ավանդական տեսակների պահպանումը, նոր տեսականու ստացումը, այդ ամենի աճեցման տեխնոլոգիաների կատարելագործումը և գյուղատնտեսությանն առնչվող գիտական մյուս աշխատանքները միտված են ոչ միայն բնակչությանն առողջ սննդով ապահովելուն, այլև ունեն բնապահպանական նշանակություն։ Չէ՞ որ տվյալ վայրի հող ու ջրին առավել ընտելացած բույսերը պակաս քմահաճ են աճի համար անհրաժեշտ բնական ռեսուրսների «ընտրության» հարցում։
Այս առումով Երևանում շարունակվող COP17 համաժողովի Կանաչ գոտու Արարատի մարզի տաղավարում ներկայացված ՀՀ էկոնոմիկայի նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի արտադրանքը միանգամայն համահունչ է միջոցառման խորհրդին։
Մարզի Դարակերտ գյուղում գործող գիտական կենտրոնը իր գոյության շուրջ 7 տասնամյակների ընթացքում մեծ ավանդ է ներդրել Հայաստանում գյուղատնտեսական գիտության և արտադրության վերելքի, տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում։
Կենտրոնի սելեկցիոներների ջանքերով ստեղծվել և լայն տարածում են գտել բանջարաբոստանային մշակաբույսերի 148 սորտեր և հիբրիդներ, այդ թվում՝ լոլիկի՝ 53, քաղցր տաքդեղի՝ 18, կծու տաքդեղի և սմբուկի՝ 17-ական, վարունգի և սեխի՝ 7-ական, լոբու՝ 6, ձմերուկի և դդմի՝ 4-ական, դդմիկի և հազարի՝ 3-ական, դդմակի և ռեհանի՝ 2-ական, կոլրաբի, բրոկկոլիի, բանջարային սոյայի, ֆիզալիսի և բամիայի՝ 1-ական տեսակ։
Աշխատանքներ են տարվում կլոնային և միկրոկլոնային բազմացման մեթոդով նոր սորտերի և հիբրիդների ստացման ուղղությամբ։
Կենտրոնի ավագ գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գոհար Կիրակոսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ այստեղ ստացված բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական տեսակներն անչափ համեղ ու ավելի բերքատու են, առանձնանում են նաև հագեցած վիտամինային կազմով։
«Մշակում ենք Հայաստանում տարածված գրեթե բոլոր տեսակները։ Ընդհանուր առմամբ ունենք բանջարաբոստանային մշակաբույսերի 3815 նմուշ, որոնցից 146-ը շրջանացված տեղական սորտերն են։ Մեզ մոտ առկա է լոլիկի հայկական բոլոր տեսակների բազմազանությունը՝ սկսած «Անահիտ 20» տեսակից, որը ժամանակին ստացել է գիտնական Անահիտ Անանյանը։ Տեղին է նշել, որ սելեկցիոն աշխատանքը բավականին բարդ է՝ պահանջում է երկար տարիների ջանք, եռանդ, նվիրում և մասնագիտական բարձր որակավորում։ Մեկ սորտի ստացման համար սելեկցիոներից պահանջվում է մոտավորապես 6-7 տարվա աշխատանք»,- նշեց նա։
Կենտրոնն ունի փորձարարական բացօթյա և ջերմատնային տարածքներ։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ տարբեր պայմանների համար մշակված են առանձին բուսատեսակներ։
Գիտական կենտրոնն առաջարկում է նաև բոլոր տեսակների մշակության տեխնոլոգիաները։ Այն ունի ժամանակակից լաբորատորիաներ, որոնցում իրականացվում է բույսերի հիվանդությունների և դրանք խոցած վնասատուների ախտորոշում։ Գործում է նաև սելեկցիայի ժամանակակից մեթոդների կիրառմամբ զբաղվող կենսատեխնոլոգիական լաբորատորիա։
Հաստատության գործառույթներից են ընտրասերումը, սերմնաբուծությունը, տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը, վերամշակումը, հետազոտական աշխատանքները, արտադրությունը, պահպանությունը, խորհրդատվությունը, ուսուցանումը։
Աշխատանքներում արհեստական բանականության մոտեցումներ դեռևս չեն կիրառվում, սակայն, Գոհար Կիրակոսյանի հավաստմամբ, այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկվում են։