Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարությունը կաջակցի ՀՀ-ին քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների կառավարումը բարելավելու հարցում

8 րոպեի ընթերցում

Քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների ոչ պատշաճ կառավարումը լուրջ սպառնալիք է կենսաբազմազանության համար, և այդ մարտահրավերների հաղթահարումը պահանջում է միջազգային սերտ համագործակցություն։ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, այս ոլորտում ունի առանձնահատուկ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայեն՝ անդրադառնալով կենսաբազմազանության պահպանության գործում երեք կոնվենցիաների նշանակությանը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։

Նա ընդգծեց, որ քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարումը կենսաբազմազանության պահպանության կարևոր նախապայմաններից է։

«Մենք ապրում ենք մեկ մոլորակի վրա, ինչը նշանակում է, որ կենսաբազմազանությանն առնչվող ցանկացած հարց սերտորեն կապված է մարդու գործունեության տարբեր տեսակների հետ։ Մարդու գործունեությունը ներառում է գյուղատնտեսական նպատակներով հողատարածքների մաքրումը, էներգիա ստանալու նպատակով ծառահատումները, տարբեր արտադրանքների համար օգտակար հանածոների արդյունահանումը և բազմաթիվ այլ գործողություններ։ Այս ամենի հետևանքով առաջանում է աղտոտում, որն իր հերթին հսկայական ազդեցություն է ունենում կենսաբազմազանության վրա»,- նշեց Պայեն։

Նրա խոսքով՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի և երեք կոնվենցիաների միջև փոխգործակցության ամրապնդումը չափազանց կարևոր է, քանի որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է դիմակայել առկա մարտահրավերներին։

«Այդ մարտահրավերները հնարավոր չէ հաղթահարել՝ դրանք դիտարկելով միայն կենսաբազմազանության տեսանկյունից։ Մենք պետք է դրանց անդրադառնանք նաև սպառման և արտադրության, ինչպես նաև թափոնների ու քիմիական նյութերի ոչ պատշաճ կառավարման տեսանկյուններից։ Մենք այսօր այստեղ ենք՝ աջակցելու այդ նախաձեռնությանը, քանի որ համոզված ենք, որ երկրները չեն կարող լիարժեք իրականացնել Կենսաբազմազանության գլոբալ շրջանակը՝ առանց աղտոտման հիմնարար խնդիրները լուծելու»,- ընդգծեց գործադիր քարտուղարը։

Անդրադառնալով երեք կոնվենցիաների առանձնահատկություններին՝ Պայենը ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի դերը կենսաբազմազանության պահպանության գործում։

Նրա խոսքով՝ Ռոտերդամի կոնվենցիան վերաբերում է տեղեկատվության փոխանակմանը։ Դրա շրջանակում երկրները տեղեկատվություն են փոխանակում, մասնավորապես, թունաքիմիկատների վերաբերյալ, որոնք լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ և կարող են բացասաբար ազդել վայրի կենդանական աշխարհի վրա։

«Վայրի կենդանական աշխարհը կենսաբազմազանության անբաժանելի մասն է։ Հետևաբար, թունաքիմիկատների ավելի արդյունավետ կառավարման, քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման և վերահսկողության միջոցով մենք կարող ենք նվազեցնել դրանց բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա»,- ասաց նա։

Խոսելով Ստոկհոլմի կոնվենցիայի մասին՝ Պայեն նշեց, որ այն վերաբերում է կայուն օրգանական աղտոտիչներին, որոնք կարող են կուտակվել մարդու օրգանիզմում՝ հանգեցնելով առողջական խնդիրների։

Նրա խոսքով՝ այդ նյութերը կուտակվում են նաև կենդանի օրգանիզմներում, հատկապես չվող կենդանատեսակների մոտ՝ ազդելով դրանց վերարտադրության և կենսագործունեության այլ գործընթացների վրա։

«Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակում դիտարկվող մյուս կարևոր խնդիրն այդ քիմիական նյութերի հեռահար տարածումն է։ Դրանք կարող են տեղափոխվել շատ մեծ հեռավորությունների վրա, ինչը նշանակում է, որ երբեմն աղտոտումն առաջանում է մի վայրում, սակայն դրա ազդեցությունը զգացվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Բացի այդ, այս քիմիական նյութերը շրջակա միջավայրում կարող են պահպանվել 50-ից մինչև 100 տարի, հետևաբար դրանց ազդեցությունը մեզ ուղեկցելու է դեռ երկար ժամանակ»,- ընդգծեց Պայեն:

Նա հավելեց, որ Ստոկհոլմի կոնվենցիան նախատեսում է համակարգ, որի միջոցով աստիճանաբար վերացվում են այդ քիմիական նյութերը, սահմանափակվում դրանց օգտագործումը, իսկ ի վերջո՝ արգելվում դրանց կիրառումը։ Այսպիսով, կոնվենցիան մեծ ներդրում ունի կենսաբազմազանության պահպանության և կառավարման գործում։

Անդրադառնալով Բազելի կոնվենցիային՝ գործադիր քարտուղարը նշեց, որ այն կարգավորում է թափոնների անդրսահմանային փոխադրումը, իսկ դրա կարևորության ամենաակնառու օրինակներից մեկը պլաստիկով աղտոտումն է։

«Մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում ծովային թռչունների, կրիաների, կետանմանների և այլ կենդանատեսակների օրգանիզմներում պլաստիկ է հայտնաբերվում։ Այդ կենդանիները կամ կուլ են տվել պլաստիկը, կամ խճճվել են պլաստիկ թափոնների մեջ։ Բազելի կոնվենցիայի շրջանակում իրականացվող աշխատանքներն օգնում են նվազեցնել ամբողջ աշխարհում պլաստիկ թափոնների ապօրինի հեռացումը, այդ թվում՝ դրանց արտանետումը օվկիանոսներ՝ դրանով իսկ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը»,- ասաց Պայեն։

Նա ընդգծեց, որ երեք կոնվենցիաներն էլ չափազանց կարևոր դեր ունեն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում։

Անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին՝ գործադիր քարտուղարը նշեց, որ այդ ուղղությամբ մեծ ներուժ է տեսնում՝ հատկապես հաշվի առնելով Երևանում հյուրընկալվող COP17 միջոցառումը։

«Ինչպես գիտեք, Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և դա բավականին բարդացնում է, օրինակ, վտանգավոր թափոնների երկրից դուրս տեղափոխումը կամ քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծումը։ Ուստի մենք աջակցելու ենք Հայաստանի կառավարությանը՝ երկրում քիմիական նյութերի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Պայեն։

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ժամկետանց քիմիական նյութերի անվտանգ հեռացմանն ու ոչնչացմանը, ինչպես նաև թափոնների քանակի կրճատմանը։

«Երբ առկա են ժամկետանց քիմիական նյութեր, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կարելի է դրանք հեռացնել կամ ոչնչացնել կայուն և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով։ Նույնքան կարևոր է նաև թափոնների քանակի կրճատումը, քանի որ, ի վերջո, ոչ ոք չի ցանկանում, որ վտանգավոր թափոնները տեղափոխվեն իր երկրի սահմաններով»,- նշեց նա։

Պայեն ընդգծեց, որ Հայաստանն այս առումով ունի կոնկրետ պահանջներ և առանձնահատուկ կարիքներ, որոնց լուծման ուղղությամբ համագործակցությունը շարունակվելու է։

«Մենք շարունակելու ենք համագործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք լուծումներ գտնել քիմիական նյութերի և թափոնների բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։ Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի հրաշալի վայրի բնության վրա այդ նյութերի ու թափոնների ազդեցության նվազեցմանը»,- եզրափակեց Ռոլֆ Պայեն:

Հայերեն English Русский